Մի քանի ամիս տևած աշխատանքների արդյունքում ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Երևանի բուսաբանական այգու Էկոլոգիական կրթության կենտրոնը համալրվել է ժամանակակից, հարմարավետ տեխնիկական լուծումներով, որոնք հնարավորություն են տալու կազմակերպել ամառային գիտաճամբարներ, փորձի փոխանակման հանդիպումներ, վարպետության դասեր և գիտաճանաչողական դասընթացներ Երևանի և մարզաբնակ դպրոցականների համար։ Կենտրոնում ուսանողները նաև կկարողանան հավուր պատշաճի իրականացնել իրենց առաջին գիտական աշխատանքներն ու համագործակցային կապեր ձևավորել ինստիտուտի գիտաշխատողների հետ հետագա համատեղ ուսումնասիրությունների նպատակով։

Էկոլոգիական կրթության կենտրոնի ստեղծումը իրականություն է դարձել ՀՕՖ-ի բարերարներ Արա և Վալերի Չերչյանների բարերարությամբ:

Երևանի Բուսաբանության ինստիտուտը հիմնադրվել է 1938թ.` որպես գիտական, ուսումնական և էկոկրթական հաստատություն, որտեղ տարիներ շարունակ գործնական հետազոտություններ են իրականացրել գիտաշխատողներն ու ուսանողները։ Ամեն տարի Բուսաբանության ինստիտուտում ավելի քան 300 ուսանող հայաստանյան տարբեր համալսարաններից պրակտիկա է անցնում, իսկ մարզաբնակ դպրոցականները հնարավորություն են ունենում մասնակցելու տարբեր էքսկուրսիաների ու միջոցառումների։

683