
Բոլորս պատկերացնում ենք, որ բավական կրիտիկական է իրավիճակը այնտեղ գտնվող պացիենտների համար, ովքեր իսկապես կարիք ունեն ավելի նեղ մասնագիտացված բուժման, և ուզում եմ ընդգծել, որ ժամանակի ընթացքում ինչքան շրջափակումը երկարում է, այնքան դժվար է տարբերակել տեղափոխման խիստ կարիք ունեցողներին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Գիտեք, որ Կարմիր խաչի կողմից իրականացված տեղափոխման ընթացքում պացիենտներից մեկին ապօրինի ձևով կարելի է ասել առևանգել են, ինչը ԿԽՄԿ-ն անթույլատրելի է համարել», - ասաց նա։
Նախարարը պատասխանելով հարցին՝ կա՞ն հիվանդներ, որոնց կյանքին վտանգ է սպառնում և ի՞նչ թիվ են կազմում նրանք, ասաց․ «Բարդ է թիվը տարբերակելը, որովհետև եթե ունենք հեմոդիալիզի կարիք ունեցող պացիենտներ, որոնք որ պետք է շաբաթական 2-3 անգամ ստանան տվյալ ծառայությունը՝ նշանակում է, որ նրանք եթե չստատան տվյալ ծառայությունը՝ իհարկե նրանց կյանքին կարող է վտանգ սպառնալ»։
Ավանեսյանը հավելեց, որ բոլոր խողովակներով առկա փաստական տվյալները փոխանցվում են և նաև պահանջներ են դրվում միջազգային կառույցների առջև՝ իրենց մանդատի շրջանակներում իրավիճակին օր առաջ լուծում տալու։