Աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանը և Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը BBC հեռուստաալիքի եթերում ներկայացրել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։

Թանկյանն անդրադարձել է ադրբեջանական «խավիարային դիվանագիտությանը», նշել, որ ադրբեջանցիները կաշառում են ամերիկացի և եվրոպացի որոշ գործիչների, ինչպես նաև օգտագործում են Եվրոպային նավթ մատակարարելու գործոնը՝ իրենց նպատակներին հասնելու համար:

Նա հիշեցրել է, որ մի շարք երկրներ և կազմակերպություններ, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանը, դատապարտել են Լաչինի միջանցքի փակումը և Ադրբեջանին կոչ արել՝ վերացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը։

Բեգլարյանը իր հերթին նշել է, որ խնդիրն ունի աշխարհաքաղաքական ենթատեքստ, և այժմ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա, և Ռուսաստանի ու Արևմուտքի առճակատման զոհ է դարձել նաև Լեռնային Ղարաբաղը։

Նա ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը։

1122