
Հայաստանի ընդդիմադիր ուժերը հռչակում են Հայաստանի կազմալուծման ճանապարհային քարտեզ, որն ունի պարզ քայլերի հաջորդականություն: Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանի դիմաց ՔՊ-ի հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Քայլ առաջին. վերցնում են Երեւանը՝ ընդհուպ արյամբ: Քայլ երկրորդ. վերցնում են Հայաստանը եւ դրա համար էն գլխից հայտարարում են ՀՀ-ի պետականության գոյությունը կասկածի տակ դնելու նպատակահարմարության մասին: Ի՞նչ ունեն երեւանցիները այս ծրագրի հետ կապված: Այդ ուժերին բոլորդ հիանալի ճանաչում եք, նրանք հիմա հանդես են գալիս տարբեր դեմքերով, ոմանք գաղտնի, ոմանք՝ բացահայտ: Պետության վախճանը գուժող մունետիկներ, Հայաստանի ինքնիշխանությունը աճուրդի հանելու պատրաստ բիզնեսմեն-չարչի քաղաքական ուժեր, հեղափոխականի պատմուճանը հասած հաղթանակի օրերի լեզվանի տղերք, որ պարտությունի հետո ձկան պես լուռ էին: Ահա այդ մարդկանց ի՞նչ ունի ասելու երեւանցին:
Նպատակը Երեւանը չէ, նպատակը Հայաստանն է, Երեւանը թիրախն է եւ այդ թիրախն ընտրված է շեշտակի: Խփում են Երեւանի սրտին եւ անցնում են Հայաստանը տապալելու իրենց դավադիր ծրագրին:
Եվ ահա այստեղ հրապարակ է իջնում այդ քարոզարշավի ամենածանրակշիռ ու երկար քննարկված հարցադրումներից մեկը՝ քաղաքակա՞ն են այս ընտրությունները, թե քաղաքային: Պատասխանը միանշանակ է. Երեւանի քաղաքային ընտրությունները քաղաքական են, քան երբեւէ»:
Կոնջորյանը նաեւ կոչ արեց երեւանցիներին ընտրել Տիգրան Ավինյանին, քանի որ սա ընտրություն է ինքնիշխանության, ազատության համար:
Նշենք, որ ՔՊ-ի երթը, որը սկիզբ էր առել Էրեբունի թանգարանի մոտից, երկու ժամ անց հասավ Երեւանի քաղաքապետարանի մոտ, որտեղ մեկնարկել է ՔՊ-ի հանրահավաքը: Հանրահավաքին մասնակցում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: