ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ներկայացրեց ընտրողների նախնական և վերջնական ցուցակները։ Այսպիսով՝ ըստ նախնական ցուցակների, ընտրողների թիվը կազմել է 823 859, իսկ վերջնական ցուցակներով՝ ճշգրտումների արդյունքում կազմել է 824 250 ընտրող։

Արմեն Ղազարյանը, ներկայացնելով Երևանի ավագանու նախորդ ընտրությունների ընտրողների թիվը, նշեց, որ  2018 թվականի ավագանու ընտրություններին 840 602 ընտրող է եղել, որից 7741–ը՝ ոչ ՀՀ քաղաքաղացի։

Նա տեղեկացրեց, որ 2007 թվականից փոփոխություններ են եղել և առնվազն մեկ տարին տվյալ համայնքում հաշվառում ունեցող օտարերկրացի քաղաքացուն տրվել է ընտրելու իրավունք ունենալու հնարավորություն։ 

Անդրադառնալով օտարերկրացիների ընտրելու իրավունք ունեցողների թվին՝ Արմեն Ղազարյանը նշեց, որ այդ քաղաքացիների թիվը կազմել է 14 653, որից 89-ը՝ Հնդկաստանի, իսկ 11890-ը ՌԴ քաղաքացիներ են։

Արմեն  Ղազարյանը նշեց, որ ոստիկանության գործընկերների հետ համագործակցությամբ անճշտությունների ստուգում է իրականացվել և հայտնաբերվել է 381 անճշտություն, որոնցից  225–ը մահացած անձանց տվյալներ են եղել։ Նա պարզաբանեց, որ այդ անճշտությունը պայմանավորված է նրանով, որ եթե քաղաքացին մահանում է ՀՀ տարածքից դուրս, աճյունի տեղափոխումից հետո, հարազատները մահվան վկայական ձեռք չեն բերել, իսկ  անճշտությունները տեխնիկական բնույթի են եղել։

 

 

330