Սեպտեմբերի 18-ը աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս, ԽՍՀՄ-ում տեսական աստղաֆիզիկայի դպրոցի հիմնադիր, Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի ազգային հերոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է:

Ի պատիվ մեծանուն գիտնականի՝ ՀՀ Կառավարության 2009 թ. հունվարի 8-ի որոշմամբ սեպտեմբերի 18-ը Հայաստանում նշվում է որպես Աստղագիտության օր:

Հայ մեծանուն գիտնականը ծնվել է 1908 թ. սեպտեմբերի 18-ին Թիֆլիսում: Այսօր նա կդառնար 115 տարեկան:

Համբարձումյանի աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, արտագալակտիկական աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի բնագավառներին։

Աստղերի էվոլյուցիայի վերաբերյալ Համբարձումյանի կատարած հետազոտությունները 1947 թ. հանգեցրին աստղային համակարգերի նոր տեսակի՝ աստղասփյուռների բացահայտմանը։

Վիկտոր Համբարձումյանն աշխարհի 28 Գիտությունների ակադեմիաների և 15 գիտական կազմակերպությունների անդամ էր: Զբաղեցրել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի փոխնախագահի (1943-1947), ապա՝ նախագահի պաշտոնը (1947- շ1993), ինչպես նաև Միջազգային աստղագիտական միության նախագահի (1961-1964) և Գիտական միությունների միջազգային խորհրդի նախագահի (1968-1972) պաշտոնները:

Համբարձումյանը նաև երկար տարիներ ղեկավարել է ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը (1946-1996):

Գիտնականը արժանացել է բազմաթիվ պետական և միջազգային մրցանակների, շքանշանների և մեդալների:

424