Քիչ առաջ ԼՂ պաշտոնական տեղեկատվականներից իմացանք, որ ԼՂ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի  դադարեցման վերաբերյալ: Այս մասին այսօր ուղերձով դիմելով հանրությանը՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ տեքստի ձևավորմանը ՀՀ-ն որևէ կերպ չի մասնակցել և քննարկումների կողմ չի եղել: Առաջին նկատառումը հետևյալն է, որ տեքստում հիշատակվում է  ՀՀ զինված ուժերը և խոսվում է ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների մասին: Այս փաստը մեզ համար այնքան էլ հասկանալի չէ, այն պայմաններում, երբ բազմիցս ասել ենք, որ 2021 թվականի օգոստոսից ՀՀ-ն ԼՂ-ում բանակ չունի»,- ասաց նա և նշեց, որ  այս հայտարարությունը և ԼՂ իշխանությունների կողմից դրա ընդունումը ընդունում են ի գիտություն:

Վարչապետն ասաց, որ կարևորը ԼՂ հայության անվտանգության հարցն է և ենթադրվում է, որ խաղաղապահները նման  առաջարկութուն են արել, նրանք ամբողջությամբ և առանց վերապահումների ընդունել են ԼՂ հայության անվտանգության ապահովման ամբողջական պարտավորությունը, ինչով պետք է լիարժեք պայմաններ ապահովեն, որ հայերի իրավունքը պահպանեն՝ իրենց տներում, հողի վրա ապրելու արժանապատիվ ու անվտանգ:

Նիկոլ Փաշինյանի ընկալմամբ՝  այս հայտարարությամբ պատասխանատվությունն ամբողջությամբ ստանձնում են ռուս խաղաղապահները:

«ՀՀ հետ ըստ էության կապ չունեցող տեքստում ՀՀ անունը հիշատակելն արդարացնում է երեկվա իմ վարկածը, գնահատականը, որ ԼՂ-ի դեմ հարձակման  նպատակներից մեկը ՀՀ-ին ներքաշելն է ռազմական գործողությունների մեջ և իհարկե ինձ համար գնահատականը մեկն է, որ եթե հնարավոր լիներ ՀՀ-ին ներքաշել ռազմական գործողությունների մեջ, դրա խորքային թիրախը պետք է լիներ Հայաստանի Հանրապետության անկախությունը և ինքնիշխանությունը»,- ասաց նա: Նա նշեց, որ իր վերջին տեղեկությունով՝ ռազմական գործողությունների ինտենսիվությունը կտրուկ նվազել է, բայց չենք կարող ասել, որ զրոյացել  է:

«Մենք հույս ունենք, որ ռազմական էսկալացիան չի շարունակվի».- ասաց նա:

 

485