ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքը հոկտեմբերի 3-ին տեղեկություններ է ստացել, որ Արմավիր քաղաքի բնակիչ, 35-ամյա մի տղամարդ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և ապօրինի թմրանյութ պահում:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, տեղեկությունները ստուգելու նպատակով օպերատիվ խումբը մեկնել է նշված հասցե: «Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում 35-ամյա արմավիրցու տանը և տնամերձում զննություն կատարվեց: Հողամասի ցանկապատի տակ իրավապահները հայտնաբերեցին կանեփանման 4 բույս, իսկ խորդանոցում՝ տարայի մեջ լցված կանեփանման զանգված»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ տղամարդը հայտնել է, որ կանեփն ինքն է ցանել, թմրանյութն էլ պատրաստել իր իսկ ցանած բույսերից:

Նշվում է, որ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի քննչական վարչություն: Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

891