
Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը կարևոր քաղաքական ձեռքբերում է անվանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրախորհրդարանում՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարն առաջին անգամ է ստանում նման հնարավորություն։
Մարուքյանի խոսքով՝ Եվրախորհրդարանում վարչապետի ելույթը ոչ մի կերպ ուղղված չէր Ռուսաստանի Դաշնության դեմ:
Մարուքյանն ընդգծել է, որ ԵՄ-ն պետք է օբյեկտիվորեն դրսևորի իր բարիդրացիական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, օրինակ՝ բանակցություններ սկսելով Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման շուրջ։
Մարուքյանը կարծում է, որ եթե ստեղծված իրավիճակում Շառլ Միշելը և արևմտյան առաջնորդները չեն կարողանում Իլհամ Ալիևին բերել բանակցությունների սեղանի շուրջ, ապա դա ոչ թե Հայաստանի, այլ վերջինիս խնդիրն է, քանի որ այդպիսով նրանց հարթակը դառնում է անարդյունավետ։
«Եթե Բրյուսելի հանդիպումը չկայանա, մենք կարող ենք այլ հարթակներում մասնակցել հանդիպումներին, մեր օրակարգը՝ հարթակից հարթակ չի փոխվում, խաղաղ բանակցությունները չեն կարող կանգ առնել, դրանք շարունակվելու են՝ անկախ հարթակներից»,- նշեց Մարուքյանը։