
Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանն այսօր հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն։ Այդ մասին հայտնում է Բևեռի մամուլի ծառայությունը։
Ըստ աղբյուրի՝ հարցաքննության առիթը նոյեմբերի 2-ին ԱԱԾ-ի կողմից հրապարակված տեսանյութն է։
Նոյեմբերի 2-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ բացահայտվել է նախնական համաձայնությամբ, խմբի կազմում ահաբեկչության նախապատրաստություն կատարելու դեպք:
Ըստ ԱԱԾ-ի՝ խուզարկությունների արդյունքում հայտնաբերված գրառումների և այլ նյութերի ուսումնասիրությամբ պարզվել էր, որ նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը կրել է «Հյուսիսային տերևաթափ» անվանումը, որի հաջող իրականացման և այնուհետև՝ ահաբեկչական գործողություններին ավելի լայն զանգվածների ներգրավելու դիտավորությամբ նախապես ծրագրվել է ստեղծել ուկրաինական, մոլդովական տելեգրամյան ալիքներ՝ «Ազգային փրկության ապստամբություն» անվանումներով, ահաբեկչական գործողությունները սկսելու նախորդ օրը՝ գիշերային ժամերից սկսած՝ ակտիվացնել տելեգրամյան ալիքները և ակտիվիստներին: Ընդ որում, ըստ հրապարակված գրառումների՝ այդ ակտիվիստները պետք է լինեին Ազգային-ժողովրդավարական բևեռից։