
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 30-ի նիստում հավանություն տվեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին:
Ազգային ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում օգտագործվող որոշ հիմնական հասկացությունները, ինչպես նաև ամրագրվում են Օրենքում կիրառվող նոր հասկացություններ, մասնավորապես՝ ռազմական նշանակության արտադրանք, ողորկափող հրազեն, ակոսափող հրազեն: Բացի այդ, օրենքի կարգավորման շրջանակից հանվում են ծառայողական զենքին վերաբերող կարգավորումները, իսկ ծառայողական զենք հանդիսացող կարճ ակոսափող հրազենը դառնում է քաղաքացիական նշանակության զենք, հնարավորություն է տրվում գիտական կազմակերպություններին առանց լիցենզիայի իրականացնել զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և ռազմամթերքի հետազոտություն, մշակում, փորձարկում:
Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է հետևյալ դիտարկումները:
Առաջարկվում է Օրենքից ընդհանրապես հանել «ծառայողական զենք» հասկացությունը, դրա փոխարեն ներմուծել «քաղաքացիական կարճ ակոսափող հրազեն» հասկացությունը՝ զենքը բաժանելով քաղաքացիական և մարտական տեսակների, իսկ ծառայողական զենք հանդիսացող կարճ ակոսափող հրազենը դարձնել քաղաքացիական նշանակության զենք։ Նախագծի հիմնավորումներում այս փոփոխությունը փաստարկվել է ընդամենը նպատակահարմարությամբ, նշելով, որ «ծառայողական զենքը տարբերվում է մարտական և քաղաքացիական զենքից ընդամենը փամփուշտների տարբերությամբ և կրակահերթով կրակելու հնարավորության բացակայությամբ»։
Վերոգրյալ հատկանիշներով պայմանավորված՝ ծառայողական զենքը տարբերվում է մարտական զենքից, սակայն հարկ է նշել, որ երկուսն էլ ունեն բազմաթիվ ընդհանրություններ։
Մարտական զենքը քաղաքացիական զենքից տարբերվում է քաղաքացիական զենքի տեսակների օրենքով սահմնաված չափանիշներից և կրակահերթով կրակելու հնարավորությամբ։
Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է՝
- կարգավորել զենքի շրջանառության հետ կապված մի շարք հարաբերություններ,
- ուժը կորցրած ճանաչել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված զենքի 100-ական փամփուշտից բաղկացած խմբաքանակ ձեռք բերելու` իրավաբանական անձանց տրվող թույլտվության համար (6 ամիս գործողության ժամկետով)՝ բազային տուրքի 50 տոկոսի չափով պետական տուրք սահմանող դրույթը,
- զենքի հավաքածու կազմելու անժամկետ թույտվություն ստանալու և թույլտվությունն անժամկետ երկարաձգելու համար սահմանված՝ համապատասխանաբար 80-ապատիկի և 60-ապատիկի չափով պետական տուրքերը սահմանել 10 տարի գործողության ժամկետով զենքի հավաքածու կազմելու թույլտվություն ստանալու և թույլտվությունը 10 տարով երկարաձգելու համար,
- նվազեցնել քաղաքացիական և ծառայողական, առանձին դեպքերում՝ 10 տարի գործողության ժամկետով մարտական զենք պահելու և օգտագործելու, ինչպես նաև թույլտվությունը 10 տարի երկարաձգելու համար սահմանված պետական տուրքի չափերը՝ համապատասխանաբար բազային տուրքի 60-ապատիկի փոխարեն սահմանելով 20-ապատիկի չափով, 40-ապատիկի փոխարեն՝ 10-ապատիկի չափով,
- պետական տուրք սահմանել զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների մասին բժշկական հետազոտություններ իրականացնելու և դրանց բացակայության մասին տրվող եզրակացության համար՝ բազային տուրքի 20-ապատիկի չափով:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ Նախագծերի ընդունումը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի եկամուտների փոփոխության:
Միաժամանակ հայտնում ենք, որ Նախագծերի ընդունումը ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման չի հանգեցնի: