«Իշխանությունը ամեն ինչ ստուգել է և ստուգում է»։

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով իր ընտանիքի ունեցվածքի հետ կապված հարցին։

Վերջինիս խոսքով՝ իրենց ունեցվածքը օրինական է․ «Ինչ որ ունենք, օրինական է, չենք թաքցրել, խոսել ենք դրանից, իսկ մնացածի արժեքը հասկանալ չեմ կարող, այսինքն՝ ընկերությունները, որոնք աշխատում են, ինչպես են աշխատում, ինչ արժեն, դրա մասին ես տվյալներ չունեմ»։

Այնուհետև լրագրողներից մեկը Քոչարյանին հիշեցրեց և հարց ուղղեց՝ կապված 2019 թվականին կատարված դեպքի հետ․ այդ ժամանակ ԱԺ-ում՝ Հյուսիսային պողոտայի օտարման հարցի քննարկումների ընթացքում, մի կին հայտարարել էր, որ իր տան փոխարեն տեսնում է խանութ: Կրտսեր Քոչարյանը բացառեց այդ մարդկանց ձեռքից անօրինական կերպով գույք վերցնելը․ «Այդ հատվածը դարձել է շատ սիրուն վերանորոգված փողոց, դրա ընթացքում ինչ սխալներ են թույլ տրվել՝ չգիտեմ։ Ցանկացած պրոյեկտում կարող են թերություններ լինել։ Ես գիտեմ բազմաթիվ դեպքեր, երբ մարդուն շատ լավ փոխհատուցել են, այդ կնոջ հուզական վերաբերմունքը սեփականության հանդեպ կարող եմ հասկանալ»։

Հարցին՝ կգա՞ մի օր, որ դատախազության հետ համաձայնության կգան՝ պետությանը գույք վերադարձնելու համար, Քոչարյանը պատասխանեց․ «Ես չեմ տեսնում, որ դրա հնարավորությունը կա, իրենց մոտեցումները չեմ կարծում, որ արդարություն վերականգնելն ու ինչ-որ բան պարզելն է, զուտ ցավացնելն է։ Տարիներով ինչեր են վերագրվում մեզ, ու հիմա ինչ է կատարվում։ Խնդիր կա ցույց տալու մի բանը հարյուր անգամ ավել, քան իրականում կա»։

784