Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախկնան կոչ է արել «բացատրել հայ ժողովրդին, որ կա ավելի բարեկեցիկ կյանքի ճանապարհ»։
Երեւանում ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում էստոնացի նախարարը նշել է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցը եւ «պատրաստակամությունը՝ աշխատելու ԵՄ-ին միանալու քայլերի ուղղությամբ»։ Նրա գնահատմամբ՝ թեման բարդ է, կպահանջվեն տասնյակ տարիներ, բայց «մենք պատրաստ ենք աջակցել անձնակազմի պատրաստմանը»։
Ցախկնան ընդգծել է, որ դեմոկրատիայի ճանապարհին կանգնած երկրներին աջակցելու գաղափարը կրում է էքզիստենցիալ բնույթ ԵՄ երկրների համար։ «ԵՄ երկրները հասկանում են, որ ընդլայնման որոշումները վերաբերում են ոչ միայն Ուկրաինային եւ Մոլդովային, այլեւ այն երկրներին, որոնք տասնյակ տարիներ սպասում են իրենց ճանապարհի զարգացմանը»,- ասել է նախարարը՝ ավելացնելով, որ քաղաքական հայտարարությունների կողքին կան նաեւ գործնական քայլեր։ Ըստ նրա՝ խոսքն այն երկրների մասին է, որոնք ցանկանում են դեմոկրատիա զարգացնել, եւ Հայաստանը դրանցից մեկն է։ Հայաստանը շատ ուժեղ առաջնորդներ ունի, համոզված է նախարարը, եւ «մենք աջակցում ենք»։
«Ամեն բան դժվար է, եւ մենք դա գիտենք։ Երկրորդ՝ խոսքը միայն կայունության մասին չէ, այլեւ ձեր ժողովրդին բացատրելու, որ կա ելք, կա ավելի բարեկեցիկ կյանքի ճանապարհ»,- շարունակել է նախարարը, որպես օրինակ նշելով, որ իր երկրում կյանքի մակարդակը խիստ տարբերվում է այն բանից, ինչը կար մի քանի տարի առաջ։ «Դա հնարավոր է, եթե հետեւեք դեմոկրատիայի կանոններին, ազատ լինելու կամքին, բարեփոխումներ իրականացնեք, եւ կյանքը կբարելավվի։ Էստոնացիները պատրաստ են աջակցել իրենց հնարավորությունների շրջանակում»,- ասել է նախարարը՝ ընդգծելով ԵՄ ուղերձի կարեւորությունը տարածաշրջանում ընդլայնման մասին։ Եկել է ժամանակը, որպեսզի ղեկավարները որոշում կայացնեն, հուսով եմ, դա տեղի կունենա, ամփոփել է նա։