Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկ Սպարտակ Հարությունյանն ու կրտսեր պարեկ Նարեկ Վարդանյանը Էջմիածին քաղաքի «Դոբրոցեն» սուպերմարկետի մոտ նկատել են ինքնազգացողությունը վատացած մի տղամարդու։
Պարեկները մոտենում են այդ քաղաքացուն, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերում՝ օգտագործելով իրենց ծառայողական ավտոմեքենայի մեջ եղած դեղատուփում առկա դեղորայքը, ապա ծառայողական ավտոմեքենայով նրան տեղափոխում են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Որոշ ժամանակ անց «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ տղամարդը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։
Հիվանդանոց են ժամանում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը։
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանն ու Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 67-ամյա Սերյոժա Ս․-ն է։
Shamshyan.com