Մարտի 17-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Արարատի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ՊԾ Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի Սուրենավանի և Արմաշի արագաչափերը կոտրել է։ Պարեկները օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ կոտրողը «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայով է և նրան վնասազերծելու համար  դարանակալում են Արարատի մարզում ու նկատում են, որ կասկածելի ավտոմեքենան մոտենում է դեպի Վեդի։ Պարեկներին հաջողվում է նրան կանգնեցնել  ու բերման ենթարկել ոստիկանության Արարատի բաժին։

Աղբյուրի տեղեկություններով նա Երևանում հաշվառված, Արարատի մարզում բնակվող 36-ամյա Նարեկ Ա․-ն է։ Պարզվել է, որ նա կոտրել է Երասխ, Սուրենավան, Արմաշ, Զանգակատուն գյուղերում տեղադրված բոլոր արագաչափերը, ինչպես նաև Սյունիքի և Վայոց ձորի մարզերի ճանապարներին տեղադրված արագաչափերը։ Վերջինիս ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նա կասկածվում է Հանրապետությունում մի քանի այլ արագաչափեր կոտրելու մեջ։ Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

571