Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տարածել է կոմիտեի նորանշանակ նախագահ Գևորգ Թորոսյանի ուղերձը․
«Սիրելի՛ ուղևորներ, գործարարներ, ավիացիայի ոլորտի մասնագետներ և գործընկերներ,
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնում ցանկանում եմ ներկայացնել մեր աշխատանքի հիմնական առաջնահերթությունները։
Ուղևորներին․ մեր նպատակը շարունակում է լինել Երևանն ու Գյումրին տարածաշրջանի և աշխարհի ավելի շատ քաղաքների հետ ուղիղ չվերթներով կապելը, մրցակցության միջոցով ավելի մատչելի գների ապահովմանը նպաստելը և ուղևորների իրավունքների պաշտպանությունը ԵՄ լավագույն փորձին համահունչ ամրապնդելը։ Թռիչքների անվտանգությունը մեր աշխատանքի հիմքում է։
Հայաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչներին․ արտահանման առանձին ուղղություններում առաջացող դժվարություններն ընդգծում են շուկաների և փոխադրման ուղիների բազմազանեցման անհրաժեշտությունը։ Կառավարության այս առաջնահերթությանը նպաստելու համար կարևորում եմ բեռնային ավիափոխադրումների հնարավորությունների ընդլայնումը՝ հայկական արտադրանքի համար նոր շուկաներ հասնելու ավելի հուսալի և մրցունակ ուղիներ ստեղծելու նպատակով։
Ոլորտի մասնագետներին և ընկերություններին․ Հայաստանի օդային կապերի ընդլայնումը մեր համատեղ աշխատանքի առանցքն է։ Պաշտոնավարմանս առաջին 100 օրերի ընթացքում նախատեսում եմ հանդիպել ոլորտի հիմնական ներկայացուցիչներին՝ լսելու Ձեր մտահոգություններն ու առաջարկները և հստակեցնելու համատեղ քայլերը։
Հայաստանյան ավիաընկերություններին․ կարևորում ենք Ձեր մասնագիտական և գործառնական կարողությունների ամրապնդումը, մրցունակության բարձրացումը և Ձեր կողմից իրականացվող ուղևորափոխադրումների ծավալների կայուն ընդլայնման համար նպաստավոր պայմանների ձևավորումը։
Միջազգային ավիափոխադրողներին․ Ձեզ դիտարկում ենք որպես Հայաստանի՝ աշխարհի հետ կապերի ընդլայնման առանցքային գործընկերներ և ակնկալում ակտիվ համագործակցություն՝ նոր ուղղությունների ու հնարավորությունների շուրջ։
««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության գործընկերներին․ գնահատելով ընկերության ներդրումը օդանավակայանների արդիականացման և սպասարկման որակի բարելավման գործում՝ ակնկալում ենք, որ կարգավորող դաշտի ամրապնդմամբ և համատեղ աշխատանքով կհասնենք ծառայությունների որակի չափելի բարձրացմանն ու նոր ենթակառուցվածքների զարգացմանը՝ պետության հետ ներդրումային և ծախսային ծրագրերի, ինչպես նաև կարգավորիչ դաշտի բարեփոխումների վերաբերյալ շարունակական երկխոսությամբ։
Ավիացիոն ոլորտի մյուս գործընկերներին․ օդային երթևեկության կազմակերպումից և վերգետնյա սպասարկումից մինչև տեխնիկական ծառայություններ ու մասնագիտական կրթություն՝ յուրաքանչյուրիդ ներդրումն անհրաժեշտ է։ Ակնկալում եմ գործնական համագործակցություն՝ ոլորտի ընդհանուր կարողություններն ամրապնդելու և ուղևորներին ու բիզնեսին ավելի որակյալ ծառայություններ առաջարկելու համար։
Դոնոր և զարգացման գործընկերներին․ կարևորում եմ արդյունավետ, մեր առաջնահերթություններին համահունչ և չափելի արդյունք ապահովող համագործակցությունը։ Առաջնահերթություն է մնալու Հայաստան–ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրով և ԻԿԱՕ-ի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը, ինչպես նաև EASA-ի հետ սերտ համագործակցությամբ ավիացիոն անվտանգության եվրոպական պահանջների ներդրումը։
Այս նպատակներին հասնելու համար կառավարության 2026–2031 թթ. ծրագրի իրականացման շրջանակում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի լիազորությունների շրջանակում առաջնահերթորեն կաջակցենք՝
• «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների արդիականացմանը՝ ներառյալ «Զվարթնոցի» հին մասնաշենքը նոր ուղևորային տերմինալի վերափոխելը,
• Կապանի «Սյունիք» օդանավակայանին միջազգային կարգավիճակ շնորհելուն,
• ոլորտի կառավարման համակարգի կատարելագործմանը և ԵՄ ավիացիոն կանոնակարգերի ներդրմանը։
Բաց եմ գործնական առաջարկների և արդյունքին միտված համագործակցության համար»։