Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում հավանություն տվեց «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխություններին եւ հարակից փաթեթին, որի նպատակը պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգի ներդրումը և պետական մարմինների միջև պետական տուրքի գծով տեղեկատվության փոխանակման և հաշվառման էլեկտրոնային գործընթացի կատարելագործումն է։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ներդվող «Պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգն» ապահովելու է պետական տուրքի տեղեկատվության մեկ միասնական գրանցամատյան, որում տեղեկատվության հավաքագրումն իրականացվելու է առանձին լիազոր մարմինների իրավասու աշխատակիցների կողմից տեղեկատվության մուտքագրման միջոցով, որն ինքնաշխատ ներբեռնվելու է հարկային մարմնի տեղեկատվական բազա:

Համակարգի գրանցամատյանից պետական տուրքի պարտավորությունների հաշվառումը պետական տուրքի անձնական հաշվի քարտերում իրականացվելու է ինքնաշխատ` լիազոր մարմինների կողմից մուտքագրված և ներբեռնված տեղեկատվության հաջորդ օրը, ինչը հնարավորինս կբացառի պետական տուրքի անձնական հաշվի քարտերում ոչ ճշգրիտ տեղեկատվության արտացոլումը։

Հերթական տարեկան (եռամսյակային) պետական տուրքի պարտավորությունները մարվելու են այդ նպատակով բացված պետական տուրքի միասնական հաշվից:

Նախագծերով հստակեցվում է, որ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից դուրս գալու, ինչպես նաև կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի, նոտարների կողմից գործունեությունը որևէ օրվանից անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու դեպքերը հիմք չեն պետական տուրքը չհաշվարկելու համար։

Պետական տուրքը չհաշվարկելու համար հիմք կարող է հանդիսանալ միայն կազմակերպության լուծարման դեպքը, քանի որ, հետագայում՝ նույն ՀՎՀՀ-ով նոր կազմակերպության վերագրանցման հնարավորություն օրենսդրությամբ սահմանված չէ:

Պետական տուրքի հաշվառման էլեկտրոնային համակարգի ներդրման արդյունքում կապահովվի գրեթե առանց ձեռքի միջամտության պետական տուրքի պարտավորությունների ճշգրիտ հաշվառում՝ հիմք ընդունելով լիազոր մարմինների կողմից օնլայն ռեժիմով պարբերաբար ներկայացվող նոր կամ ճշգրտված տեղեկատվությունը:

147