Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Foreign Policy ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ Կիևի և Մոսկվայի պատվիրակությունները, որոնք մասնակցել են երկու երկրների միջև զինված հակամարտության կարգավորման բանակցություններին, 2022 թվականի մարտին Ստամբուլում որևէ համաձայնության չեն եկել։ Հարցին, թե ինչպես է վերաբերվում Ռուսաստանի հետ հնարավոր ապագա բանակցություններում զիջումների գնալու հեռանկարին, ուկրաինացի նախարարն անդրադարձել է «այսպես կոչված՝ Ստամբուլի համաձայնագրերին, որոնք երբեք չեն եղել»։

Միևնույն ժամանակ, Կուլեբան «ռուսական քարոզչության հաջողություն» է անվանել այն իրավիճակը, երբ Ուկրաինայի շուրջ հակամարտության ավարտի մասին խոսելիս առաջին հերթին ասում են, որ Կիևն է, որ պետք է զիջումների գնա։

«Մենք [Ուկրաինան] կտրականապես մերժում ենք այս մտածելակերպը։ Բավականին զոհաբերել ենք, բավականաչափ կռվել ենք։ Եվ մենք շատ ավելի մեծ հարգանքի ենք արժանի, քան թե խոսելն այն մասին, թե էլ ինչ կարող ենք զոհաբերել»,- ասաց նա:

Նա նաև շեշտել է, որ պետք է ընդունել, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռազմական ջանքերում․ «Եվ երբ ես նայում եմ, թե ինչի է հասել Ռուսաստանը՝ վերականգնելով իր պաշտպանական արդյունաբերական բազան, և ինչի են հասել Արևմուտքի մնացած երկրները մինչ այժմ, մենք պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռազմական ջանքերում»,- նշել է նա:

590