Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին:

Նախարարը շնորհավորել է Լոնգանգեին ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել, որ Հայաստանում նրա փորձառությունը կարող է նպաստել համատեղ ծրագրերի խթանմանը:

Առողջապահության ոլորտում մարդու իրավունքները, էթիկական նորմերը պաշտպանելու տեսանկյունից նախարարը կարևորել է մայիսի 16-ին Հայաստանի կողմից «Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» կոնվիենցիայի (Օվիեդոյի կոնվենցիա) ստորագրումը:

Մաքսիմ Լոնգանգեն ներկայացրել է Հայաստանի համար 2023-2026թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում իրականացվող աշխատանքները:

Նա նշել է, որ ազգային օրենսդրության հետագա համապատասխանեցման հարցում Եվրոպայի Խորհուրդը կշարունակի իր աջակցությունը:

Անդրադարձ է եղել նաև քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության իրավունքի պաշտպանության ուղղությամբ համատեղ աշխատանքներին:

350