ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել են ահազանգեր այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող անձը հայտարարել է անժամկետ հացադուլ։

«Նշվածի կապակցությամբ Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հունիսի 11-ին չհայտարարված այց են իրականացրել քրեակատարողական հիմնարկ։ Առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ իրականացնող անձի հետ։ Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել նրա առողջական վիճակին վերաբերող փաստաթղթերը:

Այցի ավարտին ազատությունից զրկված անձը դիմում է ներկայացրել հացադուլը դադարեցնելու մասին»,- մասնավորապես ասված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։

ՔԿԾ-ից էլ հայտնում են, որ Անդրեյ Խալիլյանի կյանքին վտանգ չի սպառնում, ներկա պահին նա դուրս է եկել հացադուլից։

«Ա․ Խալիլյանի վերաբերյալ միջադեպի նախապատմությունը հետևյալն է․ Ա․ Խալիլյանը 2023 թվականի դեկտեմբերին դիմում է ներկայացրել՝ խնդրելով, որ իրեն տեղափոխեն կոնկրետ մասնաշենքի կոնկրետ խուց, ինչը բավարարվել էր։

2024թ․ մայիսի 24-ին Ա․ Խալիլյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է խցակցի հետ, որի ընթացքում ստացել է մարմնական վնասվածքներ։

Դեպքի առթիվ նյութերն ուղարկվել են  ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ հարուցվել է քրեական վարույթ։ 

Սույն թվականի մայիսի 27-ին Ա․ Խալիլյանը դիմում է ներկայացրել հացադուլի մասին՝ պատճառաբանելով, որ ցանկանում է պահվել մեկուսի։ Նրան տեղափոխել են հացադուլ հայտարարած անձանց համար նախատեսված խուց։

Մայիսի 30-ին նշված խցում իրականացվել է խուզարկություն, որի արդյունքում խցում հայտնաբերվել է քաղցրավենիք։ Հիմնարկի պետի որոշմամբ հացադուլը համարվել է դադարեցված։ Սակայն նույն օրը՝ մայիսի 30-ին, Ա․ Խալիլյանը նորից հայտարարել է հացադուլ միևնույն պատճառաբանությամբ։ Նրա՝ մեկուսի պահվելու դիմումը մերժվել է օրենքով սահմանված պայմանների բացակայության պատճառաբանությամբ։ 

Հավելենք, որ Ա․ Խալիլյանը հունիսի 10-ին տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց՝ ընդհանուր հետազոտության, առողջական վիճակը գնահատվել է բավարար, որից հետո նա վերադարձվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Դատապարտյալի հետ պարբերաբար տարված բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս հունիսի 11-ին հրաժարվել է իր անօրինական պահանջից և դադարեցրել հացադուլը։ Ինչպես նախկինում, ներկայում ևս Ա․ Խալիլյանի առողջությանը որևէ վտանգ չի սպառնում»,- ասված է ՔԿԾ-ի տարածած հաղորդագրության մեջ։

190