ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում՝ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանող Ռաֆիկ Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի համակողմանի նախաքննության ընթացքում կատարված բացառապես քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել են շրջադարձային նշանակության նոր էական հանգամանքներ։

 

«Ավելի վաղ ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ 2024 թվականի մարտի 12-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, 17-ամյա երիտասարդն ընկերոջ հետ գտնվել է հիշյալ քոլեջին հարող տարածքում գործող սննդի կետի մոտ, երբ 6-7 երիտասարդներ, այդ թվում՝ Երևան քաղաքի բնակիչներ, 21-ամյա Դ․Պ․-ն, վերջինիս ընկերներ՝ 21-ամյա Ա․Մ․-ն և 19-ամյա Հ․Ս․-ն, վազել են նրա ուղղությամբ: Երիտասարդների միջև վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ երիտասարդներից մեկը դանակով մի քանի անգամ հարվածել է 17-ամյա երիտասարդի մարմնի տարբեր հատվածներին, ինչի հետևանքով նա վայր է ընկել, որից հետո տղաները շարունակել են ոտքերով, մահակով հարվածներ հասցնել գետնին ընկած երիտասարդի մարմնին։ Հավաքված անձանց միջամտության արդյունքում վիճաբանությունը դադարել է, հիշյալ 6-7 տղաները դիմել են փախուստի:

 

Ավելի ուշ Դ․Պ-ն, և Ա․Մ․-ն, դեպքի հետ առնչություն չունեցող ևս մեկ անձի հետ հայտնաբերվեցին Սիսիան քաղաքում և ներկայացվեցին վարույթն իրականացնող մարմնին։

 

Նախաքննության սկզբնական փուլում ձեռք բերված փաստական տվյալների, այդ թվում՝ Ա․Մ․-ի տված ցուցմունքների հիման վրա 21-ամյա երիտասարդին մեղադրանք էր ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

 

Մյուս երկու անձանց՝ Ա․Մ․-ին և Հ․Ս․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, որոնցից առաջինի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր տնային կալանքը, իսկ մյուսի նկատմամբ՝ կալանքը և հայտարարվել էր հետախուզում:

 

Քրեական վարույթի հետագա նախաքննության ընթացքում բացառապես կիրառված քննչական արդյունավետ տակտիկայի և մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում ձեռք է բերվել փաստական տվյալների անհրաժեշտ համակցություն, որով պարզվել է, որ խուլիգանության դեպքի մասնակից Ա․Մ․-ն, քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու նպատակով, նախաքննության սկզբնական փուլում տվել է խեղաթյուրված ցուցմունքներ՝ սպանության կատարումը վերագրելով իր 21-ամյա ընկերոջը՝ Դ․Պ․-ին և շեղելով նախաքննությունը։ Հիմնավորվել է, որ 2024 թվականի մարտի 12-ին Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտ տեղի ունեցած նույն վիճաբանության ընթացքում վերջինս է իր մոտ պահվող դանակով հարվածներ հասցրել 17-ամյա Ռաֆիկ Հովհաննիսյանի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։ Ապա դեպքից հետո Դ․Պ․-ի հետ տաքսի ավտոմեքենայով ուղևորվելով վերջինիս տուն՝ հանցագործության գործիք ծալովի դանակը և փայտյա մահակը թողել են այնտեղ։

 

Ձեռք բերված նոր փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ մեղադրյալներին առաջադրված մեղադրանքները փոփոխելու և նրանց նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

 

Արդյունքում 21-ամյա Դ․Պ․-ն-ին մեղսագրվող արարքների ծավալից հանվել է սպանության մեղադրանքը և նոր մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով։ Խափանման միջոցը թողնվել է անփոփոխ։ Նույն հոդվածներով նոր քրեական հետապնդում է հարուցվել նաև հետախուզման մեջ գտնվող Հ․Ս․-ի նկատմամբ։

 

Իսկ Ա․Մ․-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով: Վերջինս իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել է խոստովանական ցուցմունքներ:

 

Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ նախկինում կիրառված խափանման միջոց տնային կալանքը փոփոխվել է, և որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

 

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

213