Հակակոռուպցիոն քրեական դատարանը՝ նախագահությամբ Վարդգես Սարգսյանի, հրապարակեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա նախկին տեղակալ Լևոն Երանոսյանի, ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանի և ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանի դատավճիռը։

Վլադիմիր Գասպարյանը մեղավոր ճանաչվեց, հիմնական պատիժ նշանակվեց 6 տարի ժամկետով ազատազրկումը։ Սակայն այն չի կիրառվի, քանի որ 2018-ին Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարել էր համաներում, իսկ նշված հոդվածը նույնպես ընդգրկված է դրանում, Գասպարյանն ազատվեց նշանակված պատժից։

Գասպարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվել։

Լևոն Երանոսյանը նույնպես մեղավոր ճանաչվեց, հիմնական պատիժ նշանակվեց 5 տարի ժամկետով ազատազրկումը։ 2018-ին հայտարարված համաներումով նա ևս ազատվեց պատիժը կրելուց։

Վարդան Թունյանն էլ մեղավոր ճանաչվեց, սակայն վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով նա նույնպես քրեակատարողական հիմնարկ չի տեղափոխվի։

Գուրգեն Գրիգորյանը մեղավոր ճանաչվեց, սակայն վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով նա նույնպես ազատվեց պատժից։

Երանոսյանից, Գրիգորյանից և Թունյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 7 միլիոն 954 հազար դրամ։

Նշենք, որ մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանն իր ճառում միջնորդել էր Գասպարյանին դատապարտել 11, Լևոն Երանոսյանին՝ 8 տարվա ազատազրկման:

526