Ինստագրամի օգտատեր, կենդանասեր  Angel Dayan-ը իր էջում ներկայացրել է իր հետ կատարված դեպքը և հայտնել, որ հարևաններից մեկի ընտանիքը մանգաղաթևի ձագ էր գտել և ցանկանում էր պահել տանը:

Անգելը բացատրել է, որ թռչունը ուտում է միայն  կենդանի որդեր և այլ բան ուտելու դեպքում կսատկի, հետևաբար առաջարկել է տեղափոխել հատուկ խնամքի, որից հետո բաց թողնել թռչունին: Սակայն չի հաջողվել դա համոզել երեխային և զրույցին միջամտել է մայրը՝ ասելով. «Ոչինչ, որ կսատկի, կարևորը՝ իմ երեխան մի քիչ խաղա»:

Երբ Անգելը փորձել է տնից դուրս գալ թռչնի ձագը ձեռքին, նրան թույլ չեն տվել,  այնուհետև ընտանիքի անդամներով հարվածել են, երեխաների հայրը փակել է դուռը և չի թողել, որ նա դուրս գա:

Araratnews.am-ի հետ զրույցում օգտատերն ասաց, որ կատարվածից մեկ ժամ հետո դիմել է ոստիկանություն,  բավականին ադեկվատ արձագանքել են և խոսք են տվել, որ ամեն ինչ ըստ օրենքի կլինի: «Ես նաև դատաբժշկական քննության եմ գնացել, դատաբժիշկը բոլոր վնասվածքները,  հետքերը արձանագրել է, հարուցվել է քրեական գործ»,- ասաց նա և նշեց, որ արմունկներից ներքև են հարվածները եղել, քանի որ ինքը հիմնականում պաշտպանվում էր:

Անգելը պատմեց, որ նախկինում որպես հարևաններ են շփվել և չէր կարող սպասել, որ նման ոչ ադեկվատ կպահեն իրենց:

«Ես իմ կյանքի համար եմ շատ վախեցել, քանի որ թույլ չէին տալիս տնից դուրս գայի և անադեկվատ մարդուց չես իմանա ինչ սպասել»,- ասաց նա և նշեց, որ հարվածող տղամարդու հայրն էլ էր  տանը, որը չի խառնվել և հեռացել է այլ սենյակ: Նա նշեց, որ հարևանները երեք երեխա ունեն, որոնցից վերջինը վերջերս է ծնվել:

Օգտատերն ասաց, որ հույս ունի, որ այս դեպքը օրինակ կլինի, որպեսզի մարդիկ հասկանան, որ ինչ ուզում են չեն կարող անել և կենդանիների նկատմամբ  դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է, իսկ մարդու ազատությունը սահմանափակելը  և բռնի ուժ կիրառելը պետք է օրենքով պատժվի:

«Վերջին տարիներին թեև կենդանասերներն ավելի շատ են ավելացել, ավելի համարձակ են խոսում, բայց սոցիալական էջում բազում ոչ ադեկվատ մեկնաբանություններ ևս կան, որտեղ ասում են՝ կարևորը երեխան խաղա: Մենք պետք է հասկանանք, որ մարդը, որը վատ է վերաբերվում անօգնական փոքրիկ կենդանուն, անհնար է, որ մարդուն լավ վերաբերվի. ամեն ինչ գալիս է մանկությունից: Հասարակությունը այսօր շատ չար է ու անտարբեր: Մեկնաբանություններ կային, թե՝ ինչ ուզում են անեն, իզուր շառի մեջ եք ընկել, իսկ այդ անտարբեր տեսակը ամենաանհանգստացնողն է»,- ասաց նա:

Նա նաև նկատել է, որ շատերի համար կարևորը չբողոքելն է, ոստիկանություն չդիմելն է, քանի որ դա «գործ տալ» են համարում, այնինչ դա  իրավունքները պաշտպանել է նշանակում, դրա համար ոստիկանության դերը ընկել է:


 

https://araratnews.am/images/123_1721912429.jpg

4333