Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին այսօր առավոտյան պաշտոնապես հաստատել է Մասուդ Փեզեշքիանին երկրի նախագահի պաշտոնում։ Այդ մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ արարողության սկզբում Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին ներկայացրել է արտահերթ ընտրության անցկացման վերաբերյալ պաշտոնական զեկույց և շնորհակալություն հայտնել Իրանի ժողովրդին և գերատեսչության աշխատակիցներին դրա հաջող անցկացման համար:

Այնուհետև այաթոլլա Խամենեին կարդացել է հրամանագիրը, որի համաձայն՝ Փեշքեզիանը պաշտոնապես հայտարարվել է Իրանի Իսամական Հանրապետության 9-րդ նախագահ:

Հրամանագրում այաթոլլա Խամենեին ասել է, որ նախագահական ընտրությունների ճակատագրական թեստը ավարտվել է հանգիստ՝ դժվարին պայմաններում ու շնորհակալություն հայտնել Իրանի ժողովրդին ու պաշտոնյաներին գործադրած ջանքերի համար, և որ անձը, որը ընտրվել է ժողովրդի կողմից, պատրաստ է ստանձնել մեծ պատասխանատվություն:

Նա հաջողություն է մաղթել Իրանի նորընտիր նախագահին իր առաքելության մեջ: 

Իրանի նախագահն իր ելույթում ասել է, որ նոր կառավարությունը պետք է հետևի Իրանի Իսլամական Հեղափոխության առաջնորդի տեսլականին ու ընդհանուր քաղաքականությանը: 

Մասուդ Փեզեշքիանի երդման արարողությունը կանցկացվի հուլիսի 30-ին Իրանի մեջլիսում:

Հիշեցնենք՝ մայիսի 19-ին ավիաաղետի հետևանքով զոհվել էր երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին, որից հետո երկրում անցկացվեց արտահերթ ընտրություն՝ երկու փուլով:

Երկրորդ փուլում Փեզեշքիանը հաղթանակ տարավ իր մրցակից Սայիդ Ջալիլիի նկատմամբ:

682