Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 10-ի նիստի օրակարգում է «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին վաղաժամկետ մանդատից զրկելու հարցը:

Գրիգոր Երիցյանը ելույթ պահանջեց՝ նշելով, որ իրեն մանդատից զրկելու հիմքն այն է, որ ավագանու 5-րդ գումարման 2-րդ նստաշրջանի 5 նիստերից 4-ից բացակայել է, և խոստացավ ապացույցներ ներկայացնել, որ 5 նիստերից 4-ին ներկա է եղել, և բարձրաձայնել է ավելի շատ հարցեր ու ունեցել է ավելի շատ ելույթներ, քան ավագանու անդամները՝ միասին վերցրած: Ուստի առաջարկեց իրեն մանդատից զրկելու նախագիծն օրակարգից հանել:

«Պահանջելու եմ իրավապահ մարմիններից հասկանալ, թե ոնց է այս հիմնավորումը տեղ գտել այս փաստաթղթի մեջ, և բոլոր այն մարդկանց, որոնք ստորագրել են տակը, պետք է պատասխանատվության ենթարկել: Իմ առաջարկն է՝ 24-րդ հարցն օրակարգից հանել»,- ասաց Գրիգոր Երիցյանը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ Գրիգոր Երիցյանը չնշեց, որ բացակայել է Երևանի ավագանու իրավական հանձնաժողովի 7 նիստից 6-ից:

«Հանձնաժողովի 7 նիստերի 6-ից բացակայությունը նույնպես առանձին հիմք է [մանդատից զրկելու]»,- ասաց Ավինյանը և հավելեց, որ նախագծին գլխադասային իրավական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

Քվեարկության արդյունքում հարցն օրակարգից դուրս չեկավ: Առաջարկին դեմ քվեարկեց 33, կողմ՝ 25 ավագանու անդամ:

Հարցը ներկայացնելիս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Մարատ Թոխյանը նշեց՝ Գրիգոր Երիցյանի հայտարարությունը «մանիպուլյացիա» է, ապա պարզաբանեց՝ խոսքը իրավական հանձնաժողովի նիստերից բացակայելու մասին է:

Ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը նշեց, որ մանդատից զրկելու հարցի տեղեկանք-հիմնավորման մեջ ձևակերպումների հետ կապված խնդիր կա, և առաջարկեց ձևակերպումները հարմարեցնել ճշգրիտ փաստին, այն է՝ իրավական ակտում փոփոխություն կատարել, քանի որ դրանում փաստերի շարադրանք չկա:

«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, լքեց դահլիճը: Քվեարկության արդյունքում «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանը վաղաժամկետ զրկվեց ավագանու մանդատից:

Տիգրան Ավինյանը ևս ելույթ ունեցավ, վերընթերցեց Գրիգոր Երիցյանին մանդատից զրկելու մասով ձևակերպումը՝ վերահաստատելով, որ խոսքն ավագանու ձևավորումից հետո հանձնաժողովի նիստերին չմասնակցելու մասին է:

Քվեարկության արդյունքում Գրիգոր Երիցյանը վաղաժամկետ զրկվեց ավագանու մանդատից:

314