Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 6-ին Փարիզի Théâtre du Gymnase Marie Bell թատրոնի շենքում տեղի է ունենալու Top Model Europe միջազգային մրցույթը: Մրցույթին մասնակցելու է նաև հայազգի 20-ամյա մոդել Գոռ Հարությունյանը:
Գոռը ծնվել և մեծացել է Վանաձոր քաղաքում: Ուսման նպատակով արդեն 3 տարի է ինչ տեղափոխվել է Բելգիա: Մոդելինգը երիտասարդի համար եղել է հոբբի: Հայրենիքում չի զբաղվել, պարզապես նկարահանվել է հագուստի խանութի համար և ստացել հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկ, սակայն մերժել է Հայաստանը լքելու պատճառով:
Մեզ հետ զրույցում Գոռն անկեղծացավ, որ Եվրոպա տեղափոխվելով, դժվարությունները հաղթահարելով և ինքնադրսևորվելով վերագտել է իրեն, միևնույն ժամանակ հասկացել, որ արմատներից չի կարող հեռանալ:
«Փոքր տարիքից մամայի տարբերվող ոճով հագցնելու փաստը կարելի է ասել մեծ տարիքում տվեց իր պտուղները: Ամբողջ մրցույթի ընթացքում էլ մաման աջակցում է ինձ, հավանաբար ամենանվիրված երկրպագուս է ու առաջնահերթ նրա սպասելիքները արդարացնելու պատասխանատվություն ունեմ: Իհարկե Փարիզում իմ կողմից գլխավոր հյուրը հենց նա է: Հայրս չեզոք դիրք ուներ, մինչև հասկացավ ընդհանուր գաղափարն ու հեռանկարը: Ինձ միշտ ասում էր՝ խոսալու փոխարեն ուղղակի լուռ արդյունքներդ ցույց տուր: Հետքրքիր փաստն էլ այն է, որ եզրափակիչը պապայիս ծննդյան օրն է»,- պատմեց նա:
Գոռի խոսքով իր ընկերները և նույնիսկ անծանոթ մարդիկ նպաստել են նրա որոշմանը, քանի որ արտաքինը համապատասխանել է պահանջներին և զարմանք է առաջացրել, թե ինչու չի զբաղվում մոդելինգով. «Ու ինչ որ միտք է ծնվում, որ իրոք սկսեմ հետաքրքրվել, փորձում էի զտել թե որն է ավելի լուրջ, հետաքրքիր, որ ժամանակս տրամադրեմ դրան ու ընտրությունս եղավ հենց այս մրցույթը»:
Նշենք, որ մրցույթի նախնական փուլին մասնակցել է 2500 հոգի, որից 1 տարի անց ընտրվել և եզրափակչում ու փակման արարողությանը մասնակցելու հնարավորություն են ունեցել 80-ը: Եվրոպայի ամենամեծ նորաձևության մրցույթին հետևում է ցուցադրությունը, որին մասնակցում են տասնյակ դիզայներներ ամենահայտնի համաշխարհային բրենդներից:
«Նախորդ տարիներին հաջողության հասած մոդելները քայլել են Dolce Gabbana-ի, Balmain-ի, Giorgio Armani-ի, Jean Paul Gaultier-ի, Louis Vuitton-ի պոդիումներում: Այսինքն դու կարող ես չհաղթել մրցույթում, բայց որևէ բրենդի ներկայացուցիչ հավանի քեզ և արդեն կարող ես կարիերադ շարունակել տվյալ բրենդում»,- նշեց Գոռը:
Հարցին, արդյոք տրամադրվածությունը հաղթական է, Գոռը դրական պատասխանեց, սակայն չի ցանկանում ժամանակից առաջ ընկնել, իսկ հարաբերությունները մասնակիցների հետ ընկերական են:
«Իմ տեղեկություններով մենակ ես եմ հայ եղել, բայց պետք է նշեմ, որ բոլորը եվրոպացի են, սևամորթներ էլ կան աֆրիկական կողմից, բայց կրկին եվրոպայում բնակվող:: Չնայած, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ փոխվել է նորաձևության աշխարհում և ստանդարտներ չկան: Պարտադիր չի ունենալ եվրոպական դիմագծեր, կամ 1,90 հասակ, իսկ մաշկի գույնը չի կարող որևէ բան փոխել: Կարծում եմ դա լավ է, քանի որ երբ գծված քառակուսիներից դուրս գաղափար է ծնվում, անկանխատեսելիորեն ստեղծվում են նոր հնարավորություններ»:
Թե ում հետ կցանկանար աշխատել՝ մոդելը պատասխանեց, որ այս պահին 2 միմյանցից տարբեր բրենդներն են իր ֆավորիտները՝ Adidas-ն և Louis Vuitton-ը. «Պարզ է սկզբնական շրջանում ավելի շատ աշխատանքները կլինեն գործակալությունների հետ՝ ոլորտում մասնագիտանալու համար, բայց ինչքան էլ երազկոտ կամ անհասանելի կարող է հնչել այս պահին, ապագայում աշխատանքային պայմանագիրս կցանկանայի կապել Louis Vuitton-ի հետ»:
Հավելենք, որ մրցույթի ավարտին հաղթում է 3 հոգի՝ 2-ը նորաձևությունից՝ 1 աղջիկ և 1 տղա,իսկ մեկն էլ սպորտում:
Աննա Դեինյան