
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հազարավոր վրացիներ բողոքի ցույցեր են սկսկել Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց այն բանից հետո, երբ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է ԵՄ-ին անդամակցության բանակցությունները մինչև 2028 թվականը հետաձգելու որոշման մասին: Բացի դրանից, նա շեշտել է, որ մինչև 2028 թվականի վերջ Վրաստանը հրաժարվում է Եվրամիության կողմից ցանկացած բյուջետային դրամաշնորհից։
Խաղաղ սկսված ցույցերը վերաճել են ցուցարարների և ոստիկանության միջև բախումների։ Իրավապահները ամբոխը ցրելու համար կիրառել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ Հաղորդվում է վիրավորված և բերման ենթարկված ցուցարարների մասին։ Ցույցերին մասնակցել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբաշվիլին, որը փորձել է զրուցել անվտանգության ուժերի հետ։
Կոբախիձեի հայտարարությունը հնչել է այն օրը, երբ Եվրախորհրդարանը Վրաստանի վերաբերյալ բանաձեւ է ընդունել։ Եվրոպացի պատգամավորները, պատճառաբանելով լայնածավալ խախտումներ, չեն ճանաչել ընտրությունները, որի արդյունքում հաղթել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։
Կոբախիձեն բացի այդ նշել է, որ Վրաստանի համար բացարձակապես անընդունելի է Եվրամիությանն ինտեգրումը դիտարկել որպես Եվրամիության կողմից «մեզ տված ողորմություն»։
«Տեսնում ենք, որ եվրոպացի քաղաքական գործիչներն ու բյուրոկրատները տրամադրված դրամաշնորհներն ու վարկերը որպես շանտաժ են օգտագործում Վրաստանի դեմ»,- հավելել է նա։
Այսօր արդեն հայտնի է դարձել, որ Վրաստանի անվտանգության ուժերը խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ ձերբակալել են ընդդիմության ավելի քան 40 կողմնակիցների։