Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը:

Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, որտեղ ներկայացվել է դպրոցի նորակառույց մարզադահլիճը: Ծրագրի իրականացման նպատակով Կառավարությունը հատկացրել է 224 մլն դրամ։

Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը եղել է Վանաձորի թիվ 8 տնակային մանկապարտեզում, որտեղ ներկայացվել են մանկապարտեզի շենքի կառուցման երկրորդ փուլի աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 306 մլն դրամ, որից 214 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Ծրագրի իրականացման արդյունքում բնակավայրն ունի նոր կառուցված 180 տեղ հզորությամբ մանկապարտեզ:

Երկրի ղեկավարին է ներկայացվել նաև (Մ-3) միջպետական ճանապարհի Վանաձոր - Սպիտակ հիմնանորոգված հատվածը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 3 մլրդ դրամ, որն ուղղվել է պետբյուջեից։ Իրականացված աշխատանքների արդյունքում հիմնանորոգվել է 11,84 կմ ճանապարհ:

Սպիտակ համայնքում վարչապետը շրջել է նոր կառուցված «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 851 մլն դրամ։

Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը եղել է Գարգառ բնակավայրում, որտեղ ներկայացվել է կրթահամալիրի կառուցման ընթացքը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 947 մլն դրամ: Արդյունքում Գարգառը կունենա նոր կրթահամալիր բաղկացած՝ 200 երեխայի համար նախատեսված միջնակարգ դպրոցից և 80 երեխայի համար նախատեսված մանկապարտեզից։ Ծրագիրը մեկնարկել է 2024թ․, ավարտը նախատեսված է 2026թ.:

Հաջորդիվ վարչապետն այցելել է Ստեփանավանի նորակառույց թիվ 3 հիմնական դպրոց: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 543 մլն դրամ: Դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար: Դպրոցն ընդգրկված է ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» -ի ծրագրում։

Վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել ներկաներին դպրոցի բացման առիթով և ընդգծել.

«Ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող, օրինական հարկերը վճարող մեր բոլոր քաղաքացիներին, ում գեներացրած միջոցների շնորհիվ Կառավարությունն ի վիճակի է եղել կառուցել այս դպրոցը»:

Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ դպրոցն իր ֆիզիկական միջավայրով և բովանդակությամբ կօգնի, որ աշակերտներն իրենց հետագա կյանքի ընթացքում ինքնավստահության ավելի մեծ պաշար ունենան։

Վարչապետը խոսել է բոլոր դպրոցներում հստակ ձևակերպված ուղերձի առկայության կարևորության մասին և նշել.

«Ի վերջո դպրոցի ամենակարևոր նպատակն այն է, որ աշակերտները կրթության միջոցով իրենց հետագա կյանքում լինեն ավելի հաջողակ, իսկ հաջողակ ասելով՝ նկատի ունենք, որ լավ ապրեն, և սա ամենակարևոր ուղերձն է, որ մենք ուզում ենք մեր աշակերտներին փոխանցել»:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կարգախոսը պետք է ազդարարի բոլոր աշակերտներին՝ լավ սովորիր, որ լավ ապրես, քանի որ լավ ապրելն ու բարեկեցությունը հենված է միայն գիտելիքի վրա։

Վարչապետը խոսել է նաև աշակերտի համար ուսուցչի աշխատանքի կարևորության մասին, ընդգծել, որ Կառավարությունը հնարավորություններ է ստեղծում, որպեսզի լավ ուսուցիչ լինելու միջոցով հնարավոր լինի լավ ապրել և ընտանիքի բարեկեցությունը հնարավոր լինի ապահովել ուսուցչի աշխատանքով։

«Մենք պետք է վստահ լինենք, որ դպրոցում աշխատող ուսուցիչը, որը պայմանավորում է մեր երեխաների լավ սովորելու, ինչպես նաև հետագայում լավ ապրելու հնարավորությունը, մենք պետք է համոզված լինենք, որ մեր հարգելի ուսուցիչները ունեն պատշաճ հմտություններ: Ընդ որում՝ ուզում եմ ընդգծել, որ մի անգամ այդ հմտությունն ունենալը բավարար չէ, որովհետև ժամանակակից աշխարհում գիտելիքը փոխվում է, գիտելիքը զարգանում է, հմտությունները զարգանում են և շատ կարևոր է, որ մենք այս հարցում լինենք սկզբունքային մեր երեխաների համար: Եվ շատ կարևոր է, որ մեր երեխաները տրամադրված լինեն այս միջավայրն օգտագործելու, իրենք իրենց ապագան այսօր կառուցելու, նպատակներին ծառայեցնելու համար»։

Եվս մեկ անգամ շնորհավորելով աշակերտներին և ուսուցիչներին՝ վարչապետը նշել է.

«Ուզում եմ, որ մեր դպրոցները դառնան մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու, մեր հանրության լավ ապրելու, բարեկեցության հարթակ: Եվ ինչքան խոսում և մտածում ենք սրա մասին, ավելի ենք համոզվում, որ դա իսկապես ճշմարտություն է, որ վաղվա բարեկեցությունն այսօր այստեղ այս դասասենյակներից ներս է ձևավորվում»:

Ստեփանավան համայնքում երկրի ղեկավարին ներկայացվել է Աշոտաբերդ թաղամասի կառուցապատման աշխատանքների ընթացքը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 9 մլրդ 678 մլն դրամ: Արդյունքում համայնքը կունենա նոր կառուցված բնակելի թաղամաս՝ 15 շենքով: Նշվել է, որ ծրագիրը մեկնարկել է 2024թ., ավարտը նախատեսված է 2028թ.:

Նույն համայնքում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է թիվ 1 դպրոցի վերանորոգման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 231 մլն դրամ: Վերանորոգվող դպրոցը նախատեսված է 522 աշակերտի համար։ Դպրոցն ընդգրկված է ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» -ի ծրագրում։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել առաջիկա ամիսներին:

Այնուհետև վարչապետն այցել է Հագվու նորակառույց միջնակարգ դպրոց, ծանոթացել ստեղծված պայմաններին: Ծրագրի իրականացման նպատակով Կառավարությունը հատկացրել է 816 մլն դրամ:

Ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են Մ-6, Վանաձոր-Ալավերդի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ384+50-կմ481+40 /կմ467+50-կմ473+61/ տեղամասի (Օձունի խաչմերուկի /Մ6 և Հ35/ աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 977 մլն դրամ։ Արդյունքում վերականգնվել և բարելավվել է 0,611 կմ ճանապարհ (Օձունի խաչմերուկ):

Այնուհետև՝ երկրի ղեկավարն այցելել է Ալավերդիի «Սանահին կայարան» թաղամաս, որտեղ ներկայացվել է տեղադրված ժամանակավոր մետաղական կամուրջը: Նշվել է, որ կամրջի տեղադրման արժեքը կազմել է 48 մլն դրամ։ Ավտոմոբիլային նշանակության կամուրջն ամբողջությամբ քանդված է եղել՝ նախորդ տարվա հեղեղումների հետևանքով: Մետաղական կամուրջը տեղադրվել է Իրանի Իսլամական Հանրապետության նվիրատվությամբ։ Ներկայում այն երթևեկելի է տրանսպորտային միջոցների համար։

Վարչապետին են ներկայացվել նաև Հ-22, /Մ-6/ - Դսեղ - /Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի առաջին կիլոմետրում գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 105 մլն դրամ։ Արդյունքում հիմնանորոգվել է 117.7 մ երկարությամբ կամուրջ:

Հաջորդիվ՝ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են Հ-22, /Մ-6/ - Դսեղ – /Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 7,54 կմ հատվածի միջին նորոգման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 295 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։

Վարչապետի վերջին կանգառը եղել է Փամբակ բնակավայրում, որտեղ ծանոթացել է մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «Մաունթրի Mounthree» հյուրանոցը: Վարչապետը շրջել է հյուրանոցային համալիրում, ծանոթացել իրականացված ներդրումներին։ Նշվել է, որ հյուրանոցը կառուցվել է 2021-2024թթ., իրականացվել է շուրջ 8 մլն դոլարի ներդրում:

167