
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ մայիսի 6-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, մաեստրո Էդուարդ Թոփչյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1971թ. Երևանում գրականագետ, հրապարակախոս, արվեստաբան, նկարիչ Ստեփան Թոփչյանի ընտանիքում: Էդուարդ անվանել են պապիկի՝ գրականագետ Էդուարդ Թոփչյանի պատվին:
Սակայն Էդուարդ կրտսերը չգնաց հոր և պապիկի հետքերով:
Նա ավարտեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան որպես ջութակահար, ապա կոնսերվատորիայում դիրիժորության դասեր վերցրեց անվանի դիրիժոր Օհան Դուրյանից:
1991 թվականին ստեղծել է «Սերենադ» կամերային նվագախումբը, շրջագայել համերգներով:
Իսկ 2000 թվականին կայացավ Էդ. Թոփչյանի առաջին ելույթը Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, և նույն տարում նա ստանձնեց նվագախմբի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնը՝ հաջողությամբ հանդես գալով Հայաստանում և արտերկրում: Եվ այդպես արդեն 25 տարի:
Էդուարդ Թոփչյանի երկացանկը ընդարձակ է, որում նվագախմբային գործերին զուգահեռ ընդգրկված են նաև օպերային գործեր: Մասնավորապես` նրա ղեկավարությամբ հնչել են «Սևիլյան սափրիչ», «Աիդա», «Սիմոն Բոկանեգրա», «Օթելլո», «Ռիգոլետտո», «Թիկնոցը», «Մադամ Բաթերֆլայ» «Տուրանդոտ», «Տոսկա», «Բոհեմ», «Գեղջկական ասպետություն», «Պայացներ», «Եվգենի Օնեգին», իսկ արտերկրի հյուրախաղերի ընթացքում` նաև «Դոն Ժուան», «Պիկ թագուհին», «Կախարդական սրինգը» և այլ օպերաներ:
Թոփչյանը հանդես է եկել շուրջ 50 անվանի նվագախմբերի հետ Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ասիայում, որոնց թվում են Լոնդոնի Արքունական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Քյոլնի ֆիլհարմոնիկը, Ֆրանկֆուրտի օպերային նվագախումբը, Շտուտգարտի ռադիո-սիմֆոնիկ նվագախումբը, Staatsphilharmonie Rheinland-Pfalz-ը, Opera Monte-Carlo-ն, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Siena Festival Orchestra-ն, Kärntner Sinfonieorchester-ը, Orchestra del Festival Brescia-ն և այլ նվագախմբեր:
Մի առիթով նվագախմբի, երաժշտության և ապագայի մասին Թոփչյանն ասել է. «Քանի դեռ ինձ հավատացողներ կան՝ չեմ նահանջելու»: