
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է տոնելու Թանգարանների միջազգային օրը և մասնակցելու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը:
Յուրաքանչյուր տարի Թանգարանների միջազգային օրը թանգարաններն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, համախմբվում են մեկ խորագրի շուրջ՝ ներկայանալով համահունչ միջոցառումներով, ցուցահանդեսներով և կրթական ծրագրերով՝ ընդգծելով թանգարանների դերը հասարակության ներդաշնակ և կայուն զարգացման գործընթացում:
Ծրագրին միացած ՀՀ 100-ից ավելի թանգարաններ՝ որպես մշակութային երկխոսության հարթակներ, բազմաբովանդակ միջոցառումներով իրենց դռները կբացեն հասարակության առաջ՝ մեկ անգամ ևս վերահաստատելով թանգարանների կարևոր առաքելությունը նորօրյա մարտահրավերների դիմագրավման և մշակութային ժառանգության պահպանության ձևավորման համատեքստում:
Այս տարի ևս մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ից 24:00-ն, թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն բոլոր այցելուների համար, իսկ մայիսի 18-ին՝ թանգարանի հիմնական ցուցադրության ժամերին:
Այս տարի Թանգարանների միջազգային օրը կրում է «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» խորագիրը՝ ուղենշելով, թե թանգարաններն ինչպես կարող են իրենց նպաստը բերել սոցիալ-տեխնոլոգիական և կլիմայական հիմնարար փոփոխությունների ենթարկվող աշխարհին:
Թանգարանները՝ փոփոխության կատալիզատորներ
Թանգարանների միջազգային օրվա 2025 թ. հիմնական ուղերձն է հաստատել թանգարանների դերը ոչ միայն որպես պահպանության տարածքներ, այլև որպես ակտիվ դերակատարներ կայուն և ներառական համայնքների ձևավորման գործում: Այս տարվա խորագիրը բացահայտում է թանգարանների փոփոխվող առաքելությունը Կայուն զարգացման երեք նպատակների (ԿԶՆ) համատեքստում, մասնավորապես.
ԿԶՆ 8. Թանգարաններն աջակցում են տեղական տնտեսություններին՝ ստեղծելով աշխատատեղեր և առաջարկելով կրթական ծրագրեր, որոնք հզորացնում են համայնքը:
ԿԶՆ 9. Խթանելով ստեղծարարությունը և ներառելով նորագույն տեխնոլոգիաները՝ թանգարանները առաջ են մղում նորարարությունը և բարձրացնում հասանելիությունը:
ԿԶՆ 11.Որպես մշակութային հանգույցներ՝ թանգարանները նպաստում են կայուն քաղաքային զարգացմանը՝ խթանելով ներառականությունը, դիմակայունությունը և ժառանգության պահպանությունը:
Թանգարանների միջազգային օրը հիմք է դրվել 1977 թվականին Թանգարանների միջազգային խորհրդի կողմից (ԻԿՕՄ)՝ նպատակ ունենալով համախմբել թանգարաններին հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ, միաժամանակ բարձրացնելու հանրային իրազեկվածությունը՝ այդ մարտահրավերների դիմագրավմանն ու լուծմանն ուղղված թանգարանների կարևորագույն դերի և հնարավորությունների մասին:
«Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից՝ Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ: Հայաստանը միացել է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը 2005 թվականից: