Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այսօր՝ մայիսի 20–ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ինչու են ավագանու դահլիճում լրագրողներին հատկացված հատվածը ապակիով առանձնացնում։

Նա նկատեց, որ ԱԺ–ում էլ է ապակիով առանձնացրած ու դա որեւէ խնդիր չի առաջացրել. «Ավագանու նիստը տեսաձայնագրվում է, և քաղաքապետը ինչ-որ պահի կարող է որոշում կայացնել, որ նիստը պետք է այլևս չտեսաձայնագրվի, չպետք է հեռարձակվի, որովհետև ձեր նյութերի դիտելիության առումով հետաքրքիր է, թե ոնց են մարդիկ իրար հետ վիճում, բայց նիստերի հեռարձակման իմաստը այն է, որ քաղաքացիները իրազեկված լինեն նրա մասին, թե ինչ է քննարկվում ավագանում, ինչ որոշումներ են կայացնում, ինչ տեսակետներ կան բովանդակային։ Այս նիստերը չեն հեռարձակվում նրա համար, որ մեր ժողովուրդը տեսնի, թե ոնց են ավագանու տարբեր անդամներ ավագանու անդամին ոչ վայել վարքագիծ դրսևորում։

Հետևաբար, երբ որ եթերը դադարեցվում է, եթերը պետք է դադարեցվի, ոչ թե մի հատ լինի քաղաքապետարանի եթեր և ևս 12 ձեր եթեր, մեկը դադարեցվի, մյուս 12-ը չդադարեցվի, այլ դադարեցվեն բոլորը։ Կարծում եմ նաև այդ նպատակով է արվել»,–ասաց նա։

Լրագրողները նկատեցին, որ եթե լրատվամիջոցների եթերները չլինեին, հանրությունը չէր իմանա, որ Նոր Նորքի թաղապետը մարդ է ծեծում, Սուրեն Գրիգորյանն արձագանքեց. «Կոնկրետ այդ դեպքով հանրությունը այդ դեպքի մասնակիցներից մեկից հանրայնորեն իմացել է մի հեռախոսային խոսակցության մասին, որը հանրային չէր։ ես հիմա չեմ մեկնաբանում այդ խոսակցության բովանդակությունը պատեհ էր, պատեհ չէր, բայց առնվազն այն, ինչ որ եղել էր վարչական շրջանի ղեկավարի և կոնկրետ Արթուր Չախոյանը մասնավոր խոսակցությունը, ինքը դա հանրայնացրեց։ Հետևաբար այն, որ այդ պահին եթերը անջատվի, բայց ներսում հրմշտոց լինի, այնպես չի, որ հանրությունը դրա մասին չի իմանալու, որովհետև այդ ավագանու անդամները ինչ-որ պահի  դահլիճից դուրս են գալու և մեծ սիրով վստահ եմ՝ ձեզ և մյուս գործընկերներին պատմելու են։

Մեր ասածը այն է, որ մեր հեռարձակումը նրա մասին է, որ քաղաքացիներին պետք է բովանդակություն մատուցվի, բովանդակային քննարկումներ, քաղաքային որոշումներ, ոչ թե ծեծկռտուք, ոչ թե ղալմաղալ, ոչ թե, ներողություն եմ խնդրում, շուկայի մակարդակի բազար»։

203