Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նախատեսում ենք պետբյուջեից 13,8 մլրդ դրամի վերաբաշխում կատարել և դա ուղղել տրանսպորտային օբյեկտների, ճանապարհների հիմնանորոգման, նորոգման ու կառուցման աշխատանքները ֆինասավորելուն, ինչպես նաև դրանց նկատմամբ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը, փորձաքննությունների ծառայությունների ձեռքբերմանը, ինչպես նաև արդեն ավարտված աշխատանքների՝ 5 տոկոսի ու պատրաստ նախագծերի համար վճարմանը: Այդ մասին Կառավարության՝ հունիսի 5-ի նիստին ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Նախագծով նախատեսված ընդհանուր հիմնանորոգվող ճանապարհների երկարությունը 8 կմ է, որից միջպետական նշանակության է 16,1 կմ, հանրապետական նշանակության՝ 25 կմ, մարզային նշանակության՝ 16,9 կմ, նախատեսված է հիմնանորոգել 2 կամուրջ»,- ասաց նա:

Չզեկուցվող փաթեթով նախատեսված է նաև 2,3 մլրդ դրամի վերաբաշխում կատարել՝ ֆինանսավորումն ամբողջությամբ ուղղելով միջին նորոգման աշխատանքների իրականացմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց այն ուղղությունները, որոնք վերաբաշխման արդյունքում պետք է ֆինանսավորվեն: Այսպես, նախատեսվում է հիմնանորոգել Մեղրու լեռնանցքից անցնող 2 կմ ճանապարհը, Ջրվեժից Գառնի տանող ավտոճանապարահի 17 կմ հատվածը, Թթուջրից Նավուր տանող 11 կմ ճանապարհը, Ալավերդիից դեպի Սանահին թաղամաս և Ակներ տանող ավտոճանարահի՝ 10,1 կմ ընդհանուր երկարությամբ հատվածը, Բջնիի ամրոց տանող ճանապարհը, Սևանի տրանսպորտային հանգույցը, նաև նախատեսվում է վերակառուցել Սելիմի լեռնանցքի՝ 1,53 կմ հատվածը և այլն:

Նախատեսվում է նաև ավարտված աշխատանքների՝ վերջին 5 տոկոսի վճարում, որոնց թվում են Սպիտակի ոլորանների հիմնանորոգման աշխատանքները: Փաշինյանը տեղեկացրեց, որ այս ավտոճանապարհի եզրային հատվածներում իջվածքներ է նկատել: Խուդաթյանն արձագանքեց՝ վերջին 5 տոկոսի վճարման ժամանակ կստուգվեն աշխատանքները, ապա ներկայացրեց 2025 թվականին կատարված աշխատանքների թվային ցուցանիշները:

«Այս տարի արդեն 48 կմ ճանապարհ ենք ասֆալտապատել, մոտավորապես 350-ի մասով ունենք պայմանագրեր՝ կնքված կապալառուի հետ, և ավելի քան 200-ի մասով այս պահին աշխատանքներ են իրականացվում»,- ասաց Խուդաթյանը:

159