
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
2017 թվականին ուսուցիչների հավելյալ վարձատրության ծրագրերից գործում էր միայն տարակարգի մեխանիզմը, որից շուրջ 10 տարում օգտվել էր ուսուցիչների 6 տոկոսը միայն, և նրանց 90 տոկոսից ավելին ստանում էր ընդամենը 10 տոկոս հավելավճար: Ուսուցչի վարձատրության որևէ նվազագույն շեմ ամրագրված չէր: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 17-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ ուսուցիչների աշխատավարձի բարձրացումը սկսվել է 2018 թվականից:
«2018-ից ի վեր ուսուցիչների վարձատրությունը բարձրացվեց, 2019-ին՝ համատարած 10 տոկոսով, 2020-ից սահմանվեց ուսուցչի նվազագույն վարձատրության չափ 108,800 դրամի չափով, որն այնուհետև ևս մեկ անգամ բարձրացվեց՝ 2023-ին դառնալով 119,900 դրամ:
Բացի դրանից՝ նոր չափորոշչով վերանայվեց ուսուցիչների դրույքաչափը, ինչը հանգեցրեց դասավանդվող 1 ժամի արժեքի բարձրացման (տարրական դասարաններում՝ 20 տոկոսով, միջին և ավագ դասարաններում՝ 10 տոկոսով)»,- ասաց նախարարը՝ արձագանքելով այն դիտարկումներին, թե ուսուցիչների աշխատավարձի բարձրացման միակ հնարավորությունը կամավոր ատեստավորումն է:
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ նշված փաստերը ցույց են տալիս, որ ուսուցիչների վարձատրության և աշխատաժամանակի շարունակական բարելավմանն ուղղված քայլեր են ձեռնարկվել, որոնք ինչ-որ պահից դարձել են սովորական:
Անդրադառնալով հանրակրթության ոլորտի ֆինանսավորմանն առհասարակ՝ նախարարը նկատեց, որ եթե 2019 թվականին հանրակրթության ֆինանսավորումը 85,26 մլրդ դրամ էր, ապա 2024-ին այն կազմել է 118,84 մլրդ դրամ, այն է՝ 33,58 մլրդ դրամով ավելի կամ ավելի քան 39 տոկոսով ավելի: Ֆինանսավորման աճից բացի՝ գրանցվել է նաև սովորողների թվի աճ, բայց ֆինանսավորման աճը, ըստ Անդրեասյանի, գերազանցել է սովորողների թվի աճը:
«Ներդրվել են նաև հավելավճարի նոր ծրագրեր, միայն նախորդ տարի հավելավճարի ծրագրերին պետությունն ուղղել է 10 մլրդ դրամ. դա կամավոր ատեստավորումն է, որի շահառու է արդեն ուսուցիչների 20 տոկոսը՝ ավելի քան 6300 ուսուցիչ»,- ասաց նախարարը:
Ըստ ԿԳՄՍ նախարարի՝ այս քայլերը հանգեցրել են նրան, որ ունենք բարձր վարձատրվող ուսուցիչներ. ըստ այդմ՝ 300-400 հազար դրամ վարձատրություն է ստանում 1600-ից ավելի ուսուցիչ, 400 հազարից ավելի վարձատրություն է ստանում 500-ից ավելի ուսուցիչ: