

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի աջակցությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին է փոխանցվել անվանի փիլիսոփա, մշակութաբան, գրականագետ և թարգմանիչ Կարեն Սվասյանի գրադարանի և արխիվային հավաքածուի մի մասը։
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ներկայացնելով փիլիսոփայի գրադարանի արժեքավոր հավաքածուն, պատմել է, որ ընթացիկ տարվա ընթացքում այցելել է Կարեն Սվասյանի Բազելի բնակարան և նրա տիկնոջ՝ Անաիդա Սվասյան-Գալոյանի հետ, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի մասնակցությամբ ստորագրել են Մտադրությունների հուշագիր, որով փիլիսոփայի գրադարանը և արխիվային նյութերը նվիրաբերվել են Մատենադարանին։
Նա շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին և նախագահի աշխատակազմին՝ հավաքածուն Հայաստան տեղափոխելու գործում ցուցաբերած աջակցության համար։
Գրադարանի հատընտիր նմուշները ներկայումս ցուցադրված են Մատենադարանում։
Կարեն Սվասյանի գրադարանը ներառում է գերմանական դասական փիլիսոփայության կոթողային հրատարակություններ, եվրոպական փիլիսոփայության և գեղարվեստական գրականության հազվագյուտ նմուշներ, մշակութաբանական գրականության հարուստ հավաքածու: