Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Անհուսալի վարկ ունեցող քաղաքացիներից ստացվել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը: 2025 թվականի հունիսի տվյալների համաձայն՝ փոխհատուցման են ուղարկվել դրանցից 3300-3400-ը: Այս պահի դրությամբ ծրագրի վրա ծախսվել է շուրջ 398 մլն դրամ: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության ընտանիքներին տրվող նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը՝ հիշեցնելով, որ վարկերի դիմումներն ԱՍՀՆ-ն սկսել է ընդունել 2025 թվականի փետրվարի 1-ից:

«Այս ամիսների ընթացքում մենք ունենք մի կարևոր ցուցանիշ, որ աշխատանքի է ընդունվել շուրջ 1000 շահառու, և հենց ընդունվելուց հետո դարձել է շահառու»,- ասաց նա:

Անհուսալի վարկ ունեցողների աջակցության ծրագրին կարող են դիմել ՀՀ քաղաքացիները, երկքաղաքացիները և ՀՀ ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող անձինք, որոնք ունեն 3 տարուց ոչ պակաս վաղեմությամբ անհուսալի վարկեր, որոնց անհուսալի վարկերը չեն գերազանցում 1 մլն դրամը: Պարտադիր պայման է, որ աջակցության դիմող քաղաքացին, ՊԵԿ-ի տեղեկատվության համաձայն, լինի աշխատող և ստանա աշխատավարձ:

Ըստ Արմեն Մարգարյանի՝ անհուսալի վարկ ունեցող քաղաքացիների դիմումների մերժման հիմքում վերոնշյալ կետերից մեկին չհամապատասխանելն է:

161