Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սարյան փողոցում կսահմանվի միակողմանի երթևեկություն, որը սկիզբ կառնի Մաշտոցի պողոտայից Բաղրամյան պողոտա ուղղությամբ՝ ընդգրկելով Սարյան փողոցը, ինչպես նաև Մոսկովյան փողոցի մի հատվածը։

Ամիրյան-Արամի-Պուշկին-Թումանյան փողոցից դեպի Սարյան հնարավոր կլինի երթևեկել միայն աջ՝ դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ, իսկ Լեո և Ֆրիկի փողոցներից՝ միայն ձախ՝ դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ։ 

Այս մասին հայտնի է դարձել Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

«Գիտենք՝ Սարյան փողոցը ինչպիսի նշանակություն ունի, ինչպիսի հոսք կա այդտեղ։ Այս փոփոխության արդյունքում կունենանք ևս մեկ երթևեկելի գոտի, որը ընդհանուր տրանսպորտային հոսքերի անընդհատություն կապահովի»,- ասել է տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։ 

Ըստ նրա՝ նախատեսված փոփոխությունների արդյունքում նշված փողոցներում կպահպանվի տրանսպորտային միջոցների կայանման հնարավորությունը փողոցի երկու կողմերում մայթերին զուգահեռ կայանման ձևով:

«Ամիրյան, Արամի, Պուշկինի և Թումանյան փողոցներից դեպի Սարյան փողոց հնարավոր կլինի երթևեկել միայն աջ՝ դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ, իսկ Լեոյի և Ֆրիկի փողոցներից՝ միայն ձախ՝ դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ»,- ասել է Վազգեն Հարությունյանը։

Պաշտոնյայի խոսքով՝ բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար Բաղրամյան պողոտայից կարգելվի աջ երթևեկությունը դեպի Մոսկովյան փողոց Սարյան ուղղությամբ: Սարյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ բոլոր տիպի տրանսպորտային միջոցները կկարողանան երթևեկել 1-ին երթևեկելի գոտուց ուղիղ՝ դեպի Մոսկովյան փողոց և աջ՝ դեպի Բաղրամյան պողոտա Սայաթ-Նովայի ուղղությամբ, 2-րդ երթևեկելի գոտուց՝ ուղիղ դեպի Մոսկովյան փողոց, 3-րդ երթևեկելի գոտուց՝ ուղիղ դեպի Մոսկովյան փողոց և ձախ՝ դեպի Բաղրամյան պողոտա, իսկ 4-րդ երթևեկելի գոտուց՝ ձախ՝ դեպի Բաղրամյան պողոտա:

Փոփոխությունների նպատակն է բարձրացնել Սարյան և Մոսկովյան փողոցների՝ լուսացույցներով չկարգավորվող խաչմերուկներում երթևեկության անվտանգությունը, քանի որ միակողմանի երթևեկության արդյունքում կավելանա առնվազն ևս մեկ երթևեկելի գոտի դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ: Առաջիկայում Մաշտոցի պողոտայի լուսացույցների նոր հաշվարկներ ու փոփոխություններ կկատարվեն, ապա կսկսի գործել նաև երթևեկությունը Սարյան և Մոսկովյան փողոցների նոր կարգավորված գծերում:

282