
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Սոֆիա աշխատանքային այցի շրջանակում այցելել է Սոֆիայի տեխնոլոգիական պարկ, որտեղ հանդիպել է Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, նորարարությունների ու աճի նախարար Տոմիսլավ Դոնչևի հետ: Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից:
«Երկկողմ հանդիպման քննարկման առանցքում երկու երկրների միջև տեխնոլոգիական, ներդրումային և գիտահետազոտական աշխատանքների և փորձարարական մշակումների (R&D) համագործակցության խորացման հնարավորություններն ու համատեղ ծրագրերի իրականացումն էր՝ բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում:
Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի վերջին զարգացումներն ու խոշոր նախագծերը՝ միջազգային աքսելերատորից մինչև Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտ (AIVI)։ Անդրադարձել ենք նաև տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում հնարավոր համագործակցությանը։ Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է առկա մեծ ներուժը՝ փորձի փոխանակման, համագործակցության նոր մակարդակի բարձրացման և համատեղ նորարարական նախաձեռնությունների զարգացման գործում։
Փոխվարչապետ Դոնչևի ուղեկցությամբ շրջայց եմ կատարել Սոֆիայի տեխնոլոգիական պարկում, որտեղ այցելել եմ գերհամակարգչային կենտրոն, որը տարածաշրջանում ամենահզորներից մեկն է և ծառայում է արհեստական բանականության, կենսատեխնոլոգիաների, կլիմայական մոդելավորման և ռազմավարական արտադրական ոլորտներում նորարարական լուծումների մշակմանը։ Ծանոթացել եմ գերհամակարգչի տեխնիկական հնարավորություններին, տվյալների մշակման ենթակառուցվածքներին, ինչպես նաև քննարկել ապագա համագործակցության հնարավորությունները՝ մասնավորապես ԱԲ և մեծ տվյալների (Big Data) համատեղ նախագծերում»,- նշված է գրառման մեջ։