
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այսօր Սոֆիայում` որպես նիստի համանախագահ, մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։
«Նիստի բացման իմ խոսքում կարևորել եմ երկու երկրների միջև համագործակցության ուղիների ամրապնդումը` ընդգծելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատրաստակամությունը` նախաձեռնություններն իրական ծրագրերի վերածելու ճանապարհին։
Նիստի ընթացքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Բուլղարիայի նորարարությունների և աճի նախարարության միջև։ Հուշագիրը միտված է խորացնելու Հայաստան-Բուլղարիա համագործակցությունը տեխնոլոգիական նորարարության և գիտահետազոտական գործունեության ոլորտում։
Հուշագրի վավերացումով ընդգծվեց երկու երկրների պատրաստակամությունը՝ խթանելու նորարարությունը, նպաստելու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը և գիտական հետազոտությունների կիրառական արդյունքների իրականացմանը»,- գրել է նա։