Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արմավիրի մարզի Երասխահունի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը 2023-2025 թվականների ընթացքում, օգտագործելով ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը, ինչպես նաև պաշտոնեական կեղծիքներ կատարելով, իրեն վստահված ֆինանսական միջոցներից հափշտակել է ընդհանուր շուրջ 3 մլն ՀՀ դրամ գումար:

Մասնավորապես՝ դպրոցի տնօրենի հետ փոխկապակցված մի շարք անձինք, նրա հրամանով նշանակված լինելով հիշյալ դպրոցի վերանորոգողի, պահակի և հավաքարարի հաստիքներին, 2023-ից 2025 թվականների ընթացքում՝ տարբեր ժամանակահատվածներում, ընդհանրապես չեն հաճախել աշխատանքի, սակայն փաստացի չկատարած աշխատանքի համար որպես աշխատավարձ ստացել են ընդհանուր շուրջ 3 մլն ՀՀ դրամ: Ընդ որում՝ տնօրենը կազմել և իր ստորագրությամբ ու կնիքով հաստատել է հիշյալ անձանց աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը, որոնց համաձայն՝ վերջիններս իբրև թե նշված ժամանակահատվածում հաճախել են աշխատանքի:

Խոշոր չափերով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու համար Երասխահունի միջնակարգ դպրոցի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (3 դրվագ) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ): Նրա նկատմամբ որպես համակցված խափանման միջոց է կիրառվել պաշտոնավարման կասեցումն ու ՀՀ -ից բացակելու արգելքը: Մեղադրանքներ են ներկայացվել նաև տնօրենին օժանդակած 3 անձանց:

Նախաքննության ընթացքում մեղադրյալի կողմից ամբողջությամբ վերականգնվել է ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը՝ շուրջ 3 մլն ՀՀ դրամը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

537