Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պտղնի համայնքի նախկին ղեկավարն ու նրա հետ փոխկապակցված անձինք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, 22 անշարժ գույքերի հափշտակության և դրան օժանդակելու համար:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2000-2021թթ. ժամանակահատվածում ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը 2000-2013թթ․ կազմել է Պտղնի համայնքի տարածքում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող 17 միավոր տարբեր նպատակային նշանակության հողերն իբր համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի որոշմամբ իրեն, իր ընտանիքի անդամներին և իր հետ փոխկապակցված անձանց հատկացված լինելու վերաբերյալ կեղծ քաղվածքներ, որոնց արդյունքում գրանցվել է վերջիններիս սեփականության իրավունքը դրանց նկատմամբ։

Նշված 17 միավոր անշարժ գույքերի հափշտակության հետևանքով Պտղնի համայնքին և ՀՀ-ին պատճառվել է ընդհանուր 23,450,000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Պտղնի համայնքի ղեկավարը նշված համայնքի տարածքում գտնվող ջրային նշանակության, 134,400,000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող հողամասը 05.10.2020թ. կազմակերպված աճուրդ վաճառքում 42,000,000 ՀՀ դրամ գումարով օտարել է իր հետ փոխկապակցված նշված աճուրդի միակ մասնակցին, որի հետևանքով համայնքին պատճառվել է 92,400,000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս։

Բացի այդ՝ նույն պաշտոնատար անձը, նպատակադրվելով վատնման եղանակով հափշտակել իրեն վստահված, Պտղնի համայնքի սեփականությունը հանդիսացող առանձնապես խոշոր չափերով գույքը, նախնական համաձայնություն է ձեռք բերել իր հետ փոխկապակցված անձանց հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել հափշտակության հետևանքով ձեռք բերված գույքերի նկատմամբ ձևականորեն գրանցել իրենց սեփականության իրավունքը և հետագայում այն փոխանցել համայնքի ղեկավարի որդուն: 

Արդյունքում Պտղնի համայնքի ղեկավարը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2018 թվականի նոյեմբերի 26-ին կազմել է կեղծ քաղվածքներ և որոշումներ, որոնց հիման վրա բնակավայրերի նպատակային նշանակության 4 միավոր հողամասերի նկատմամբ գրանցվել է իր հետ փոխկապակցված 4 անձանց սեփականության իրավունքը, որից հետո 2020-2021թթ․ ընթացքում ձևական բնույթ կրող առուվաճառքի պայմանագրերի հիման վրա նշված հողամասերի նկատմամբ գրանցվել է համայնքի ղեկավարի որդու սեփականության իրավունքը: Այդ կերպ համայնքի ղեկավարը վատնման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով 65,920,000 ՀՀ դրամ արժեքով գույքը և օրինականացրել այն:

Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու և դրան օժանդակելու համար մեղադրանքներ են ներկայացվել 6 անձի, այդ թվում՝ Պտղնի համայնքի նախկին ղեկավարին և վերջինիս երկու որդիներին: Նրանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

170