Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցում է ցանկացած գործընթացի, որը հանգեցնում է բախումների դադարեցմանը, լարվածության նվազեցմանը և կայունության ստեղծմանը։ Այս մասին հայտնել  է Իրանի կառավարության խոսնակ Ֆաթիմա Մոհաջերանին։

«Իհարկե, այս աջակցությունը պայմանական է և հիմնված է տարածաշրջանային երկրների կողմից համաձայնեցված սկզբունքների վրա»,-գրել է Մոհաջերանին։

Նա ընդգծել է Թեհրանի երեք անսասան սկզբունքները՝ երկրների լիակատար ինքնիշխանության պահպանումը իրենց տարածքների նկատմամբ, բոլոր պետությունների տարածքային ամբողջականության պաշտպանությունը և միջազգային սահմանների ցանկացած փոփոխության նկատմամբ վճռական դիմադրությունը՝ հավելելով, որ Բաքվի և Երևանի վերջին համատեղ հայտարարության մեջ հաշվի են առնվել այդ սկզբունքները։

Մոհաջերանին ընդգծել է, որ առանցքային փոփոխություններից մեկը «Զանգեզուրի միջանցքի» վիճահարույց ծրագրի չեղարկումն էր։

«Կողմերի կարծիքով՝ «միջանցքի» հարցը հանվել է օրակարգից և փոխարինվել տարանցիկ ճանապարհով՝ Հայաստանի լիակատար ինքնիշխանության ներքո»,-հայտնել է նա՝ այդ փոփոխությունն անվանելով «դրական և ողջամիտ», քանի որ այն միաժամանակ երաշխավորում է ինքնիշխանությունը և թույլ է տալիս տնտեսական համագործակցություն իրականացնել:

Նա ընդգծել է, որ երկարաժամկետ որոշումները պետք է հիմնված լինեն տարածաշրջանի երկրների միջեւ համագործակցության եւ երկխոսության, այլ ոչ թե արտաքին ճնշման վրա:

Իրանը, եզրակացրել է Մոհաջերանին, պատրաստ է գործել որպես «պատասխանատու հարեւան եւ հուսալի գործընկեր» եթե համաձայնագիրը աջակցի ինքնիշխանությանը, կայունությանը եւ տարածաշրջանային համագործակցությանը։

434