
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում տեղի ունեցավ նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը, Սահմանապահ զորքերի ղեկավարությունը և այլ պաշտոնատար անձինք։
Հանդիսավոր արարողությունը մեկնարկեց ՀՀ օրհներգի հնչյուններով։
Զորամասի շարահրապարակում՝ մարտական դրոշի ներքո, տեղի ունեցավ խորհրդանշական միջոցառման հիմնական արարողակարգային հատվածը՝ երդման հանդիսավոր արարողությունը: Նորակոչիկներն ընթերցեցին զինվորական երդման տեքստը, հրամանատարների և ծնողների առաջ երդվեցին անմնացորդ նվիրումով, հպարտությամբ և անձնվիրաբար ծառայել հայրենիքին, պատվով պաշտպանել երկրի սահմանները, անվերապահորեն կատարել վերադասի հրամանները։
Երդման արարողության կապակցությամբ ծնողների անունից նորակոչիկներին շնորհավորեց ծնող Արաքսյա Բաբայանը։
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը, շնորհավորելով նորակոչիկ զինծառայողներին, նշեց, որ զինվորական երդման ընդունումը հայրենիքի և ընտանիքի նկատմամբ անմնացորդ նվիրումն արտահայտելու անկրկնելի արարողակարգ է, և այս պահից է սկսվում իրական ծառայությունը հայրենիքին:
Նորակոչիկները կատարեցին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի օրհներգը:
Երդման հանդիսավոր արարողությունը եզրափակվեց նվագախմբի ուղեկցությամբ՝ նորակոչիկների շարային քայլերթով։