Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ թիմն արժանացել է 1 արծաթե և 2 բրոնզե մեդալների Բուլղարիայի Շումեն քաղաքում օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ն անցկացված Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 9-րդ միջազգային օլիմպիադայում (EJOI): Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Օլիմպիադայի անցկացման ձևաչափը համընկնում էր Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի (IOI) ձևաչափին, որի ժամանակ մասնակիցները 2 մրցույթային օրերում կատարում են 3-ական առաջադրանքներ, իսկ յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը 4 մասնակից։

Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի աշակերտ Մամիկոն Համբարյանը (8-րդ դասարան), «Քվանտ» վարժարանի աշակերտներ Հայկ Մանուկյանը (9-րդ դասարան), Արեն Գրիգորյանը (9-րդ դասարան) և Վաչե Քոչարյանը (7-րդ դասարան):

ՀՀ թիմն արժանացել է 1 արծաթե (Հայկ Մանուկյան) և 2 բրոնզե (Մամիկոն Համբարյան և Արեն Գրիգորյան) մեդալների։ Թիմը ղեկավարել են ԵՊՀ դասախոս, ինֆորմատիկայի հանրապետական հանձնաժողովի նախագահ Արմեն Անդրեասյանը և ԵՊՀ ասպիրանտ Համլետ Միքաելյանը։

Օլիմպիադային մասնակցել են 24 երկրի 96 աշակերտ։

Հիշեցնենք, որ 2024 թ. Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 8-րդ օլիմպիադան անցկացվել էր Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում, որի ժամանակ Հայաստանի թիմը արժանացել էր 2 բրոնզե մեդալի։

142