Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն աշխատանքային այցով մեկնել է Սինգապուրի Հանրապետություն՝ մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) 30-րդ տարեկան համաժողովին և գլխավոր ժողովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, 2025 թվականի ապրիլի 8-ին՝ Բուենոս Այրեսում կայացած Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի 59-րդ նիստի ընթացքում, ընտրվել է Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու: Գործադիր կոմիտեի անդամի ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին կայանալիք ժողովի ընթացքում:

Գործադիր կոմիտեն ԴՄԱ-ի ղեկավար և վարչական մարմինն է: Այն կազմված է նախագահից, փոխնախագահներից և 20 անդամներից:

ՀՀ գլխավոր դատախազությունը ԴՄԱ-ին անդամակցում է 1999 թվականի հունվարի 1-ից, իսկ որպես Գործադիր կոմիտեի անդամ՝ առաջադրվում է առաջին անգամ:

ԴՄԱ տարեկան համաժողովին մասնակցելու համար Սինգապուրի Հանրապետություն են ժամանել շուրջ 450 մասնակիցներ՝ աշխարհի 80 երկրներից:

Ասոցիացիան հիմնադրվել է 1995 թվականին և նպատակ ունի աջակցել դատախազներին ամբողջ աշխարհում՝ խթանելու իրավունքի գերակայությունը և ապահովելու մասնագիտական վարքագծի վերաբերյալ ԴՄԱ չափանիշների լիարժեք կիրառումը։

Սինգապուրի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ գլխավոր դատախազի հանդիպումները Սաուդյան Արաբիայի Թագավորության գլխավոր դատախազի, Շվեդիայի Թագավորության գլխավոր դատախազի, Շվեյցարիայի Համադաշնության գլխավոր դատախազի, Վրաստանի գլխավոր դատախազի և Դատախազների միջազգային ասոցիացիայի նախագահ, Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազի հետ:

76