Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է՝ Արթուր Վանեցյան քաղաքական գործիչ ո՛չ եղել է, ո՛չ կա, ո՛չ երբևիցե կլինի, և վստահ է՝ Վանեցյանն իր հնարովի կերպարն է:

Այս մասին նա խոսել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, երբ խոսել է, թե որ քաղաքական ուժին է համարում իրենց մրցակից:

«Դա շատ տրիվիալ է: Իրոք, դժվարանում եմ որևէ մեկի անունը տալ»,- ասել է նա և խնդրել լրագրողներն անուններ նշել, որ ինքը հերթով անդրադառնա այդ անուններին։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ նա ասաց. «Ռոբերտ Քոչարյանի պարագայում ես մտածում եմ, որ ինքը կարող է քաշի մեզ, չդնի թեկնածությունը, էդ դեպքում պրոբլեմ կունենանք»: 

Սերժ Սարգսյանի առնչությամբ Սիմոնյանն այլ կարծիք ունի:

«Սերժ Սարգսյանի պարագայում համարում եմ, որ ինքն ամեն ինչ անելու է, որ հանկարծ էնպես չստացվի, որ մենք էն վերջին րոպեին էլ, վերջին քարոզարշավի օրն էլ մեզ օգուտ տա և օգուտ բերի»:

Նա բավականին կոշտ գնահատական է տվել  «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին:

«Արթուր Վանեցյանը կա իրենց տանը, իր փոքր շրջապատում և այն մարդկանց շրջապատում, որոնք մտածում են՝ ոնց անեն, որ իր կողքը լինեն, որ մի քիչ փող տա իրենց կյանքը դասավորեն: Արթուր Վանեցյան քաղաքական գործիչ ո՛չ եղել է, ո՛չ կա, ո՛չ երբևիցե կլինի: Դա իմ հնարովի կերպարն է»,- ասել է նա:

Սիմոնյանը հավելել է, որ ժամանակին լավ հարաբերություններ է ունեցել Վանեցյանի հետ, բայց սխալվել է:

«Նա ապացուցեց, որ ես չարաչար սխալվում էի: Լավ կլինի բոլոր էն մարդիկ, որոնք մտածում են՝ ինքն իրենց ընկերն է, մի հատ վերանայեն իրենց մոտեցումները, որովհետև պատեհ առիթի դեպքում էնքան բան կպատմեմ, որ մարդիկ կարող է իրեն փողոցում տեսնեն ու բարև չտան»,- նշել է նա:

236