Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Օրեր առաջ ինչպես հերթագրման, այնպես էլ ID-ների տրամադրման համակարգերը խափանվել են կես օր՝ մի քանի ժամ, համապատասխանաբար կենդանի հերթի սպասարկումը ևս սահմանափակվել է։ Այս պահին ամենը կարգավորված է, սեպտեմբերի 12-ից կվերսկսվի նաև կենդանի հերթը։ Չսպասարկված քաղաքացիները սպասարկվում են արտահերթ»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը:

«Պատկերը հետևյալն է․ քաղաքացիների կուտակումը կենտրոնացված է Երևանում, և բնական է, որ թողունակությունն անսահմանափակ չէ, այդուհանդերձ օնլայն հերթագրման բազմաթիվ օրեր հասանելի են մինչև նոյեմբեր։ Կենդանի հերթի մասին պարբերական իրազեկումներ իրականացնում ենք, 4 առավել ծանրաբեռնված բաժիններում երկրորդ պատուհան ենք ավելացրել։ Իսկ մարզերում առհասարակ որևէ հերթ ու կուտակում չկան, միջին հեռավորության բազմաթիվ բաժիններում ամիսներ շարունակ պատուհանները ազատ են, մոտեցողն սպասարկվում է վայրկենապես, այդ թվում՝ ID-ի դեպքում»,- մանրամասնում է նա:

Ըստ Դավթյանի՝ այսօր գործում է մի ենթակառուցվածք, որը վաղուց իրեն սպառել է, շարքից դուրս եկել, այն դեռ երկար տարիներ առաջ պետք է փոխարինված լիներ. «Դրանով հանդերձ՝ երկրորդ շունչ ենք հաղորդել՝ ներգրավելով արտադրողներին․ մինչ օրս շուրջ 200 հազար նույնականացման քարտ են տպագրել»:

Ներողամտություն հայցելով որոշ անհարմարությունների համար՝ Նելլի Դավթյանը հարկ է համարում նաև նշել, որ, այսպես ասած, 0-ից նոր, ամբողջական, մոդեռն ու արժանապատիվ ենթակառուցվածք են հիմնում՝ ոլորտի զարգացումներին համահունչ ու աշխարհում ոլորտի առաջատարների ներգրավմամբ. «Մյուս տարի կգործարկենք»:

162