

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գեղարքունիքի մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ջիլի նորակառույց միջնակարգ դպրոց, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցի կառուցման արժեքը կազմում է ավելի քան 1 մլրդ 397 մլն դրամ, որը հատկացրել է Կառավարությունը: Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է նոր մոդուլային դպրոց և նախակրթարան՝ 20 տեղ-հզորությամբ։ Ծրագիրը մեկնարկել է 2021թ., ավարտվել 2025թ.:
Վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել ներկաներին Ջիլի դպրոցի աշխատանքի մեկնարկի առթիվ, ուրախությամբ արձանագրել, որ շուտով ճանապարհի կառուցման աշխատանքները նույնպես կավարտվեն:
«Երևի գյուղի պատմության մեջ սա ամենամեծ ներդրումն է՝ ճանապարհը և դպրոցը միասին վերցրած: Եվ սա շատ կարևոր արձանագրում է: Մենք սրանով կարևորում ենք կրթության հասանելիությունը բոլոր մարզերում, բոլոր գյուղերում, այսպիսի միջավայրի հասանելիությունը բոլոր մարզերում, բոլոր բնակավայրերում»,- ասել է վարչապետը և հավելել. «Ես ուզում եմ, որ դուք այս դպրոցում ձեզ զգաք որպես ազատ և հպարտ քաղաքացի, այս դպրոցում զգաք ձեր ուժը, ձեր ստեղծագործության ուժը, գիտելիքի ուժը, այս դպրոցում դուք հասկանաք, որ այսօր, ամեն օր կառուցվում է ձեր ապագան»։
Վարչապետն անդրադարձել է «Ապագան այսօր է» կարգախոսին և նշել. «Դա, առաջին հերթին, վերաբերում է դպրոցին, որովհետև այն, թե այսօր երեխան դպրոցում ինչով է զբաղված, ինչ որակով է զբաղված, այդ ամեն ինչով 80 և ավելի տոկոս ճշգրտությամբ մենք կարող ենք կանխատեսել նրա ապագան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և ընդգծել. «Կարգախոսը նրա մասին է, որ ապագան պետք չէ կանխատեսել, պետք չէ ապագայի մասին գուշակություններ անել, ապագան այսօր կառուցվում է նաև ձեր աշխատանքով՝ երեխաները ինչքանով են ընկղմված կրթական պրոցեսում, այդ կրթական պրոցեսը ինչքանով է իրենց հաճելի, ինչքանով է նրանց օժտում հենց այն գիտելիքներով, որոնք նրանց պիտի օգնեն կյանքում գտնել իրենց սիրած աշխատանքը և ինչքանով պրոֆեսիոնալ կլինեն իրենց սիրած աշխատանքի մեջ»:
Խոսելով աղքատության մասին, վարչապետը համոզմունք է հայտնել, որ այսօր աղքատության պրոբլեմն 80% դեպքերում ուղիղ աներկբա, առանց շեղումների կախված է կրթության որակից։ «Ես ուզում եմ ասել, որ մեր հավատը հետևյալն է, որ երեխաներից յուրաքանչյուրը բացառիկ տաղանդ ունի, և կրթական համակարգի դերը, մեր բոլորի դերն է աջակցել նրանց, օգնել նրանց, խրախուսել, որպեսզի և՛ իրենք, և՛ մենք իրենց տաղանդը բացահայտենք: Հատկապես ինչո՞ւմ են տաղանդավոր երեխաները՝ մեկը տաղանդավոր մարզիկ է, մյուսը տաղանդավոր դերասան է, երրորդը տաղանդավոր գիտնական է, չորրորդը տաղանդավոր տնտեսվարող է, հինգերորդը տաղանդավոր ուսուցիչ է, վեցերորդը տաղանդավոր արվեստագետ է, յոթերորդը տաղանդավոր քաղաքական գործիչ է, ութերորդը տաղանդավոր դիվանագետ է և այլն։ Եվ հենց սա է դպրոցի դերակատարումը և նշանակությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Ամփոփելով իր խոսքը՝ վարչապետն ընդգծել է. «Սիրելի երեխաներ, սա ձեր տաղանդի արտահայտման տարածքն է: Սա ձեր տունն է: Դուք այստեղ պետք է ապրեք և դուք այստեղ ամեն օր պետք է տեսնեք, ստեղծեք սեփական ձեռքերով ձեր ապագան։ Այս գրքերը և այն դասերը, որոնց դուք առնչվում եք, այս դասասենյակները, այս դպրոցը, ուսումնական ծրագիրը, որոնց հետ դուք առնչվում եք, ձեր ապագայի բանալին են։ Եվ ես ցանկանում եմ, որ դուք տիրապետեք, գտնեք այդ բանալին և գտնեք այն դուռը, որով պետք է բացեք ձեր բարեկեցիկ, երջանիկ, ազատ ապագա»: