Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների հետևանքով ՀՀ սահմանամերձ համայնքներում ավերածություններից տուժած բոլոր այն քաղաքացիները, որոնք դիմել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` արդեն ստացել են փոխհատուցում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

«Արցախյան պատերազմի հետևանքով ավերածություններ են եղել նաև ՀՀ սահմանամերձ համայնքներում` Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակիչներին: Մարզպետարանների կողմից գույքագրում է իրականացվել: Բոլոր դիմած քաղաքացիներն արդեն ստացել են փոխհատուցում` յուրաքանչյուրն անհատական, ընդհանուր առմամբ տրամադրվել է մոտ 50 մլն դրամ: Այս պահին կա նաև ծրագիր քաղաքացիական անձանց շրջանում զոհերի և վիրավորների մասով»,- նշեց Առաքելյանը:

Նրա խոսքով` զոհերի ընտանիքներին տրվում է միանվագ փոխհատուցում` 5 մլն դրամի չափով, հաշմանդամություն ստացածներին` 1-3 մլն դրամ։

Ընդհանուր առմամբ դիմել է 71 քաղաքացի:

 

 

25 Դեկտեմբեր, 2020 18:08
139
; ;