Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 13-ին Նումբուրգում տեղի ունեցավ Արմավիր և Նաումբուրգ քաղաքների միջև գործընկերության մասին համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը։

Ողջույնի խոսքով հանդես եկան Նաումբուրգի քաղաքապետ Արմին Մյուլլերը, Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի հարցերով պետքարտուղար Սեբաստիան Փութցը, Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը։

Գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանի պատվիրակները գրառում կատարեցին Նաումբուրգ քաղաքի Ոսկե գրքում։  

Արարողության ընթացքում Նաումբուրգի Տաճարի գիմնազիայի աշակերտները ներկայացրեցին Հայաստանի հետ փոխանակման ծրագրի մասին իրենց փորձը:

Հանդիսավոր արարողությունն ուղեկցվեց երաժշտական կատարումներով:

Երկու քաղաքների միջև համագործակցության բանակցությունները սկսվել է 2020 թվականին։ Ստորագրված գործընկերության համաձայնագրով նախատեսվում է Արմավիրի և Նաումբուրգի միջև առկա բարեկամական կապերի ամրապնդումը և ընդլայնումը՝ մշակութային, տնտեսական և զբոսաշրջային ոլորտներում։

 Հաջորդիվ Նաումբուրգի Սուրբ Պողոս-Պետրոս տաճարի այգում տեղի ունեցավ Սաքսոնիա-Անհալթ երկրամասին և Նաումբուրգ քաղաքին ՀՀ կառավարության կողմից նվիրաբերված խաչքարի օրհնության արարողությունը։ Խաչքարը UNESCO պատմամշակութային ժառանգություն համարվող տաճարի բակում տեղադրվել է ի նշան Հայաստանի և Գերմանիայի միջև բարեկամության և ժողովուրդների միջև համերաշխության։ Հոգևոր ծիսակարգը և խաչքարի օծումը իրականացվեց Գերմանիայի տարածաշրջանային եպիսկոպոս դոկտոր Շնայդերի և Գերմանիայի Հայոց Թեմի հոգևոր առաջնորդ գերաշնորհ Տ. Սերովբէ եպիսկոպոս Իսախանյանի մասնակցությամբ։

Արարողությանը ելույթ ունեցան ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գունար Շելենբերգերը:

699