Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Նախորդ գիշեր օդի որակը զգալիորեն վատթարացել էր՝ պայմանավորված երկրի տարբեր հատվածներում բռնկված խոշոր հրդեհներով», – հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա օրինակ է բերել հատկապես Ճամբարակում տեղի ունեցած խոշոր հրդեհները։ «Իհարկե, նման մասշտաբի հրդեհները վտանգավոր երևույթ են. դրանցից արտանետվող տոքսիններն ու նյութերը էականորեն ավելի վնասակար են, քան շինարարական փոշին, որի դեմ մենք ինտենսիվ պայքարում ենք», – հավելել է Ավինյանը։
Քաղաքապետը անդրադարձել է նաև բակերում տերևներ վառելու տարածված սովորույթին․ «Շատերդ տեսել եք, թե ինչպես է ինչ–որ մեկը բակում հավաքում տերևներն ու աղբը և վառում դրանք։ Սիրելի երևանցիներ, այս փոքրիկ "վերամշակման գործարանները" առաջին հերթին թունավորում են հենց ձեզ, ձեր շրջապատը, ձեր երեխաներին», – նշել է նա։ Ավինյանի խոսքով՝ այդ գործընթացի արդյունքում շրջակա միջավայրը լրջորեն աղտոտվում է, իսկ օդում երկար ժամանակ մնացող տոքսինները 3–5 անգամ ավելի վտանգավոր են, քան շինարարական փոշին։
Նա կարևորել է նաև խնդրի օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը։